Եվրամիության Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հուսով է, որ Հայաստանը, Մոլդովան, հնարավոր է, նաև Ուկրաինան, կստորագրեն Ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ հետ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այդ մասին նա հայտարարել է, հինգշաբթի հանդես գալով Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարանի ուսանողների առջև «Ռուսաստանն ու Եվրոպան» այսօր դասախոսությամբ: Ըստ նրա, այդ Համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին նշանակալի բարեփոխումներ կատարել քաղաքական և տնտեսական ոլորտներում: Հերման վան Ռոմպեյը նշել է, որ այսօրվա դրությամբ, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, ԵՄ-ում ցանկանում են լսել Երևանի հետագա քայլերի մասին: «Մենք դեռ պաշտոնական պարզաբանումներ չենք ստացել Հայաստանից, սակայն, նախկինի պես, հուսով ենք, որ Ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի»,-ասել է նա: Ընդ որում, նա հավելել է. «Մենք կիսում ենք ընդհանուր սահմաններն ու ընդհանուր հարևաններ ունենք՝ Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, որոնք հավասարապես կարևոր են երկուսիս համար (Մոսկվայի և Բրյուսելի), պետք է իրենք որոշեն իրենց ուղին: Սակայն, մեր կարծիքով, Ուկրաինայի համար ԵՄ հետ համաձայնագիրը չպտեք է վնասի Ռուսաստանի հետ վաղեմի կապերին: Ինչո՞ւ դա պետք է լինի կամ-կամ տարբերակը»,-ասել է Հերման վան Ռոմպեյը:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:
Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: