9 սեպտեմբերի 2013 - 18:48 AMT
ԿԱՐԾԻՔ
Բարաք Օբաման խոսում է փոխզիջման մասին, որը ղարաբաղյան կարգավորման մեջ բացակայում է

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որտեղ վերջինս գրում է, որ «ժամանակն է փոխզիջման հիման վրա նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»: Հակամարտության կողմերը կարող էին ուշադրություն չդարձնել Օբամայի հերթական ուղերձին, եթե չլիներ սիրիական հարցը:

ԱՄՆ նախագահի նամակը ստանդարտ արտահայտությունների հավաքածու է, բայց այնտեղ նաև նոր բան կա, թեև դա էլ արդեն եղել է: Օբաման գրում է. «Հուսով եմ, որ դեսպան Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը և առաջխաղացման հասնելու ձեր կառավարության ցանկությունը նոր խթան կհաղորդի համանախագահների աշխատանքին ու խաղաղ գործընթացին: Ես սատարում եմ Հայաստանի հետ առաջիկա ամիսներինուղղակի երկխոսության հնարավորությանը, համանախագահների ունակությանը՝ բանակցություններում այժմ տիրող անհույս իրավիճակից դուրս գալու համար ուղիներ որոնելուն»: Օբաման վստահ է, որ ժամանակն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար նոր ջանքեր գործադրել բանակցություններում ձեռք բերված փոխզիջման հիման վրա:

Թե ինչ փոխզիջման մասին է խոսում ԱՄՆ նախագահը, դժվար է ասել: Եթե այն վերաբերում է ռուսաստանցի վայ-կոնսպիրոլոգների հնչեցրած այն վարկածին, թե «Հայաստանն արդեն հանձնել է Ղարաբաղը», ապա հասկանալի է, որ ղարաբաղյան կարգավորման մեջ Օբաման այդպես էլ ոչինչ չհասկացավ: Եթե նամակում հիշատակվեին տարածնքերի 20 տոկոսը կամ մեկ միլիոն փախստականների թեզը, ոչ ոք առանձնապես չէր զարմանա: Անկասկած, նմանատիպ մի ուղերձ էլ Ուորլիկը Երևան կբերի: Սակայն Օբաման պետք է որ մտահոգվեր ոչ թե մի հակամարտության կարգավորմամբ, որի մասին գրեթե ոչինչ չգիտի և որը առաջնայինների շարքում չէ ԱՄՆ համար, այլ սեփական դեմքը փրկելու համար, եթե Սիրիայում արկածախնդրությունը ձախողվի:

Ադրբեջանն ԱՄՆ համար ոչ այլ ինչ է, քան նավթի պահեստարան, որը չի համեմատվի Պարսից ծոցի պաշարների հետ, ուստի Սպիտակ տան ոչ մի վճռական քայլ ԼՂՀ հարցում առաջ չի գնա: Եվ դա լավ է Հայաստանի ու ԼՂՀ-ի, բայց «շատ վատ է» Ադրբեջանի համար, որը չի հրաժարվել օտարի ձեռքերով վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերականգնելու փորձերից, ցանկալի է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ:

Ուորլիկի հետ հանդիպմանը Ադրբեջանի ՊՆ ղեկավար Սաֆար Աբիևը բողոքել է ԼՂՀ-ից, որը չի ցանկանում վերադարձնել «բուն ադրբեջանական հողերը» և հիշել է 907-րդ ուղղման մասին, որը «խանգարում է Ադրբեջանի զարգացմանը», այլ կերպ ասած, թույլ չի տալիս նրան ոչ միայն սպառազինություն ձեռք բերել, այլև բաղադրիչներ զենքի այլ տեսակների համար:

Ղարաբաղյան կարգավորումն այն տեսքով, որով Ադրբեջանն ու համաշխարհային հանրությունն են ցանկանում, հազիվ թե իրականանալի լինի: Ճիշտ է, կա մի կարճ ճանապարհ՝ ճանաչել ԼՂՀ-ն հակամարտության կողմ ու բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ադրբեջանին ու Արցախին՝ Հայաստանի մասնակցությամբ: Այն ժամանակ հնարավոր կլինի պայմանավորվել և ընդհանուր սահմանի, և որպես անկախ պետություն ԼՂՀ կարգավիճակի մասին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net