Այսօր` սեպտեմբերի 12-ին, Երևանում աշխատանքն է սկսում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարներին կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որի ավարտին նախարարների մամուլի ասուլիս կլինի:
Հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընդգրկված հանդիպման օրակարգում, բայց կարելի է ենթադրել, որ հիմնական թեման լինելու է Մաքսային միությանն անդամակցության համատեղելիությունը ԵՄ հետ Առևտրի ազատ գոտու համաձայնագրին մասնակցության հետ:
Մինչ այդ փորձագետներն արդեն խոսում էին Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների նմանության և Ռուսաստանի ու Եվրոպայի միջև ընտրություն կատարելու մասին: Մասնավորապես, ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին հայտարարել էր, որ երկու երկրների համար էլ դեպի Արևմուտք միակողմանի կողմնորոշումը և Ռուսաստնի հետ հարաբերությունների սառեցումը սպառնում է լուրջ կորուստներով:
«Այդ կորուստների լրջության աստիճանը տարբեր է: Ուկրաինայի համար իրական հետևանքը ծայրահեղ դեպքում կարող է լինել տնտեսության գրեթե ամբողջական փլուզումը, ինչը հետո շտկելու համար երկար տարիներ կպահանջվեն: Հայաստանի համար կուրուստները կարող են լինել ոչ միայն տնտեսական, կարող է տեղի ունենալ ավելի սարսափելի մի բան՝ հայկական երկրորդ, թեև չճանաչված, պետության՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացումը: Այսինքն, դա կնշանակի հարյուր հազարավոր հայերին հանձնել օտար և, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, ագրեսիվ տրամադրված և ռևանշի ձգտող պետությանը: Այդպիսով, Հայաստանն այլ ելք չուներ, քան ամրապնդել դաշինքը Ռուսաստանի հետ, որն այժմ Հայաստանի միակ իրական դաշնակիցն է և տարածաշրջանում խաղաղության երաշխավորը»,- ասել էր նա:
Արդյունքում, ըստ Բելեցկու, այսօրվա դրությամբ Ուկրաինան որպես «գլխավոր ուղղություն» ընտրել է Եվրամիությունը, նրա հետ Ասոցացման և Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրերի կնքումը: «Ընդ որում, իշխանությունները հուսով են, որ կպահպանեն տնտեսական կապերը ԱՊՀ երկրների հետ, ԱՊՀ շրջանակում ԱԱԳ-ի և ՄՄ հետ կապի ինչ-որ ձևեր կգտնեն: Հայաստանի համար հակառակը՝ «գլխավոր ուղղությունը» կլինի Ռուսաստանի հետ կապն և նրա հովանու ներքո Մաքսային միությանն անդամակցությունը՝ հուսալով պահպանել բավականին սերտ կապերը Եվրամիության հետ»,- ասել էր ուկրաինացի քաղաքագետը:
Ուկրաինացի մեկ այլ քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն իր հերթին հայտարարել էր, որ Մաքսային միությանը ինտեգրվելու մասին Երևանի որոշումըչափազանց կարևոր է, քանի որ պայմանավորվածությունների արդյունքից կախված կլինի Ուկրաինայի դիրքորոշումը: Ըստ նրա, հայկական նախադեպը շատ կարևոր է ԵՄ հետ Ուկրաինայի հարաբերությունների տեսակետից:
«Եթե Եվրոպան ձախողի համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի հետ, Ուկրաինայի կորուստը շատ ավելի մեծ անհաջողություն կլինի ԵՄ արևելյան քաղաքականության համար: Եվ ԵՄ-ն ավելի շատ խթան է ստանում Կրևի հետ փաստաթուղթը ստորագրելու համար»,- հայտարարել էր Վլադիմիր Ֆեսենկոն:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ցանկության մասին:
Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:
Նախօրեին ԵՄ ընդլայնման հարցերով և Եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հանդես գալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ անդամակցությունը Մաքսային միությանը (ՄՄ) անհամատեղելի է ԵՄ Ազատ առևտրի գոտու հետ, որի շուրջ բանակցություններ էին ընթանում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ Ֆյուլեն հայտարարել էր, որ Ասոցացման մասին համաձայնագիրն ու Առևտրի ազատ գոտու ձևավորումը համատեղելի են դիտորդի կարգավիճակի հետ ՄՄ-ում:
Նախօրեին Եվրամիության ղեկավարները դատապարտել էին այն ճնշումը, որը Մոսկվան, նրանց կարծիքով, գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ հետ: