12 սեպտեմբերի 2013 - 16:15 AMT
Ջ.Ուորլիքը խոսեց նոր առաջարկությունների, ՄՄ-ի, սպառազինության մրցավազքի մասին ու մեկնեց Արցախ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հաջողության հասնելու համար բոլոր կողմերը պետք է զիջեն, ու եթե չլինեն փոխզիջումներ ու քաղաքական կամք, խաղաղություն էլ չի լինի: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօրվա ասուլիսին ևս մեկ անգամ կրկնել է երեկ Հայաստանի ղեկավարությանն ասած բառերը, հիշեցնելով նաև, որ եկել է «լսելու ու ծանոթանալու»:

Նա նաև նշել է, որ թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար նոր առաջարկներ հետը չի բերել, գտնում է, որ անհրաժեշտ է կարևորել ժողովուրդների միջև վստահություն և անվտանգություն ձևավորելու միջոցների գործադրումը.

«Ուզում եմ կարևորել այսպես կոչված երկրորդ ուղու (track II diplomacy) նախաձեռնությունների անհարժեշտությունը՝ ժողովուրդների միջև իրականացվող ծրագրերը, որոնք կօգնեն ձևավորել այն ընկալումը և վստահությունը, որն անհրաժեշտ է խաղաղության համար։ Կարծում եմ՝ մենք կարող ենք նորովի ջանքեր ձեռնարկել երկրորդ ուղու բոլոր հնարավոր նախաձեռնությունների մասով»,- համանախագահի խոսքերը մեջբերում է tert.am-ը:

Ուորլիքը նկատել է, որ տարածաշրջանի ժողովուրդները թանկ են վճարել անցած 20 տարվա համար ու արժանի են զարգացման.

Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, մասնավորապես՝ պատասխանելով հարցին, մտավախություն չունի՞ արդյոք, որ Ռուսաստանը կսկսի հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առանձին նախաձեռնություններով, համանախագահը նշել է.

«Սպասում եմ ՌԴ-ի հետ՝ որպես գործընկերոջ, աշխատանքին, ռուսաստանցի համանախագահ` Իգորի հետ իմ աշխատանքին: Որպես գործընկերներ մենք միասին աշխատելու ենք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- գրում է «Առավոտ»-ը:

Ադրբեջանում հայ ռազմագերու իրավունքների ոտնահարման վերաբերյալ հարցը Ուորլիքը շրջանցել է` նշելով, որ այժմ որևէ մեկնաբանություն չունի, քանի որ.

«Այցիս նպատակը դա չէ: Գլխավոր մտադրությունս է հնարավորինս ծանոթանալ իրավիճակին ու հասկանալ այն»,- պատասխանել է նա:

Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, Երևանից ամերիկացի համանախագահն ուղևորվել է Արցախ, որտեղ ևս կհանդիպի երկրի ղեկավարներին: Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն: Դիտարկմանը մասնակցելու է նաև Ջեյմս Ուորլիքը:

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Ուորլիքը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Հանդիպումներին անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին: Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ամերիկացի դիվանագետը նշել էր, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար, իսկ նախարար Օհանյանի հետ հանդիպմանը կարևորվել էին հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Մինչև Երևան գալը, սեպտեմբերի 10-ին ամերիկացի համանախագահը Բաքվումհայտարարել էր, որ անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման ու զարգացման ճանապարհը։ Նրա խոսքով, ժամանակն է, որ Մինսկի խումբը, համանախագահները, Հայաստանը, Ադրբեջանն ու մյուս երկրներն աշխատեն միասին ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար, ինչը խաղաղություն կբերի տարածաշրջան։

Հիշեցնենք, որ սա համանախագահ Ուորլիքի առաջին այցն է տարածաշրջան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նա նշանակվել է նախորդ ամիս։