14 սեպտեմբերի 2013 - 14:46 AMT
Խաղողի բերքը Ֆրանսիայում նվազել է, փոխարենը աճ է գրանցվում Հայաստանում

2012 թվականին գինու համաշխարհային արտադրությունը նվազել է 6 տոկոսով՝ հասնելով 250,9 մլն հեկտոլիտրի՝ 2011 թ. 266,7 մլն հեկտոլիտրի համեմատ և հասել է նվազագույն ցուցանիշի, առնվազն 1975 թ. համեմատ, երբ սկսվել է գրանցվել ցուցանիշը: Դա տեղի է ունեցել խաղողի բերքի նվազման պատճառով Ֆրանսիայում, Իսպանիայում և Արգենտինայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում: Այդ մասին են վկայում Գինու և խաղողի միջազգային կազմակերպության (OIV) տվյալները, որոնք բերում է Bloomberg գործակալությունը: Միևնույն ժամանակ ցուցանիշը գերազանցել է կազմակերպության կանխատեսած թիվը՝ 248,2 մլն հեկտոլիտր:

Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Արգենտինան անցած տարի տուժել են անբարենպաստ եղանակային պայմաններից՝ կարկուտից ու երաշտից: Գինու արտադրությունը Ֆրանսիայում, որն աշխարհում առաջինն է այդ ցուցանիշով, 2012 թ. նվազել է 17 տոկոսով՝ կազմելով 42,2 մլն հեկտոլիտր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իտալիայում արտադրությունը կրճատվել է 6,3 տոկոսով՝ մինչր 40,1 հեկտոլիտր: Իսպանիայում արտադրությունը նվազել է 11 տոկոսվ՝ կազմելով 29,7 մլն հեկտոլիտր: Արգենտինայում գինու արտադրությունն անկում է ապրել 24 տոկոսով՝ հասնելով 11,8 մլն հեկտոլիտր ցուցանիշին: Այս միտմանը հակառակ, ԱՄՆ-ում գինու արտադրությունն աճել է 6,9 տոկոսով՝ մինչև 20,5 մլն հեկտոլիտր:

Գինու համաշխարհային սպառումն անցյալ տարի ավելացել է մինչև 245,5 մլն հեկտոլիտր՝ 2012թ. 243,8 մլն հեկտոլիտր ցուցանիշի դիմաց: Ըստ OIV գնահատականի, ևս 28-30 մլն հեկտոլիտր գինի կօգտագործվի թունդ սպիրտային խմիչքների, վերմուտների ու քացախի օգտագործման համար: Ըստ Ֆրանսիայի գինու խոշորագույն Groupe Val d'Orbieu կոոպերատիվի գլխավոր տնօրեն Բերտրան Ժիրարի, աշխարհին սպռանում է գինու պակաս՝ առնվազն 10 մլն հեկտոլիտրի չափով՝ մոտ 1,3 մլրդ շիշ:

Ինչպես վկայում են ֆրանսիական FranceAgriMer գերատեսչության տվյալները, սպիտակ գինու մեծածախ գները Ֆրանսիայում աճել են 45 տոկոսով օգոստոսի սկզբից ի վեր, իսկ կարմիր գինիների գները՝ 17 տոկոսով, արտադրության կրճատման ու առաջարկի դեֆիցիտի ակնկալիքի ֆոնի վրա:

Ինչպիսի՞ն է վիճակն այս տարի: Ֆրանսիացի գինեգործները չեն կարող շատ գինի արտադրել 2013 թ. բերքից՝ ցուրտ գարնան և անկայուն եղանակի պատճառով, սակայն գինու որակական հատկանիշները բարձր կլինեն: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, արտադրողները գտնում են, որ գինու արտադրության ծավալը երկրի շրջաններից շատերում կհասնի վերջին 20 տարում նվազագույն շեմին: Միևնույն ժամանակ չոր և տաք ամառը դրական կանդրադառնա խաղողի որակի վրա:

2013 թվականին Ֆրանսիան կարտադրի 44,5 մլն հեկտոլիտր գինի՝ 0,75 տարողության մոտ 6 մլրդ շիշ, կանխատեսում է գյուղնախարարությունը: Ըստ գինեգործների, եղանակային պայմաններն այս տարի վշտացրել են Բորդոյի և Բուրգունդիայի գինու սիրահարներին, քանի որ մի շարք շրջաններում ոչնչացել է բերքի 90 տոկոսը:

Միևնույն ժամանակ, հուրախություն շամպայնի սիրահարների, գինու այդ տեսակի համար անհրաժեշտ խաղողի բերքը կարող է 30-50 տոկոսով գերազանցել 2012 թվականի մակարդակը: Այն աչքի կընկնի նաև որակական բարձր հատկանիշներով:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է espanarusa.com, գինեգործության, շուկայագիտության և խաղողագործության ոլորտի փորձագետները գտնում են, որ Իսպանիան կարող է դառնալ գինու արտադրության համաշխարհային առաջատարը արդեն 2020 թվականին՝ առաջ անցնելով Ֆրանսիայից ու Իտալիայից:

Այդպիսի կանխատեսում է արվել «Գինեգործության ոլորտում բալանսի հնարավորությունները: Նպատակը՝ 2020. Իսպանիան գինու շուկայի առաջատար» խորագրով կլոր սեղանի ժամանակ: Այն տեղի է ունեցել Մանսանարեսում՝ Fercam 53-րդ տարածաշրջանային ցուցահանդեսի շրջանակներում:

«Իսպանիան արդեն այժմ առաջատար երկրների թվում է խաղողի այգիների տարածքով, ուստի զարմանալի չէ, որ երկիրն առաջատար է նաև գինու արտադրության ծավալների ու որակի առումով»,-ասել է կլոր սեղանի ժամանակ Կաստիլիայի ինքնավարության Խաղողագործության և գինեգործության ինստիտուտի տնօրեն Ֆելիքս Յանյեսը: Մենք ունենք խաղողի աճեցման համար բացառիկ պայմաններ: Մեզ մնում է միայն որոշ հոգեբանական բարդույթներ հաղթահարել և հավատալ, որ մեր խաղողն իրոք լավագույնն է»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկրի գինգեգործական ընկերությունները պատրաստ են մթերել 172 հազար տոննա խաղող, ինչը 14 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում այս տարի ակնկալվում է խաղողի լավ բերք՝ մոտ 240 հազար տոննա: Այդ տվյալները ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը:

Առանձին վերամշակող ընկերություններ հայտարարել են, որ խաղողի մթերումը կատարվելու է անսահմանափակ քանակությամբ: Բացի այդ, ըստ կանխատեսումների, 2013 թվականին արտահանվելու է մոտ 15 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա 10 հազար տոննայի դիմաց:

Խաղողի մթերումը Հայաստանում արդեն մեկնարկել է և գտնվում է ամենաթեժ փուլում: Մթերման գինն այս տարի նախորդ տարվանից մի փոքր ավելի է՝ 135-145 դրամ 1 կգ դիմաց:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում արտադրված գինու ծավալը 2013 թ. հունվար-հուլիսին աճել է 30,1 տոկոսով 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: