24 մարտի 2006 - 19:38 AMT
Սկսվել են «Հայաստան` հավերժության տարածք» ֆիլմի նկարահանման աշխատանքները
Ռեժիսոր Ալեն Մելիք-Գրիգորյանը սկսել է 52 րոպեանոց «Հայաստան` հավերժության տարածք» վավերագրական ֆիլմի նկարահանումները: Սցենարի հեղինակն է Արմեն Վաթյանը, օպերատորը Մկրտիչ Մալխասյանը, ֆիլմի պրոդյուսերը Սիմոն Կագինյանը: Ըստ Ալեն Մելիք-Գրիգորյանի, ֆիլմում կան նաեւ խաղարկային հատվածներ: Այն նկարահանվելու է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Ֆիլմում մեծ տեղ է հատկացված քրիստոնեական շրջանին, կցուցադրվի նաեւ հեթանոսական շրջանը, որը կնկարահանեն Գառնիում: Ֆիլմի նպատակն է աշխարհին ծանոթացնել Հայաստանի հետ: Այն լինելու է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, եւ կցուցադրվի բոլոր այն երկրներում, որտեղ հայկական համայնք գոյություն ունի: Նշենք, որ կինոնկարը համապատասխանելու է BBC-ի չափանիշերին: