Մի քանի խմբավորումների հարյուրավոր մարտիկներ, որոնք պայքարում են Սիրիայում Ասադի կառավարական զորքերի դեմ, հայտարարել են «Ալ Քայիդայի» շարքերն անցնելու մասին: Այդ մասին հայտնել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, հայտնում է Reuters-ը:
Ոչ միայն առանձին ապստամբներ ու խմբեր, այլ նաև ամբողջ զինյալ ստորաբաժանումներ են հայտարարել իրենց գաղափարական պատկանելության մասին: Դա զգալիորեն բարդացնում է իրավիճակը երկրի հյուսիսում ու արևելքում, որտեղ առանց այդ էլ զգալի է ծայրահեղականների ազդեցությունը:
Ընդդիմության կողմից կռվում է մոտ 10 հազար վարձկան տարբեր երկրներից: Վարձկանները հիմնականում պատկանում են տարբեր իսլամիստական խմբավորումների, որոնք գործում են «Ալ Քայիդայի» հովանու ներքո:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:
Ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԱԽ-ն «Ալ Քայիդայի» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի համար «Ջաբհաթ ան Նուսրա» ընդդիմադիր խմբավորումն ընդգրկեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: 2012թ. դեկտեմբերի սկզբին «Ջաբհաթ ան Նուսրան» ընդգրկվեց ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: