14 հունվարի 2003 - 18:13 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով անձնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Սթրասբուրգում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Արազ Ազիմովը եւ Թաթուլ Մարգարյանը կշարունակեն խորհրդակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Նշենք, որ ինչպես մինչ այդ հաղորդել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, երկու նախագահների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները նպատակ ունեն լրացնել Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները` ավելի հաճախական դարձնելով շփումները: Վարդան Օսկանյանն ասել է, որ այդ հանդիպումներում գերակայում են փարիզյան եւ քի-ուեստյան բանակցությունների հիմնական սկզբունքները: Նախագահների անձնական ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է 2002 թվականի նոյեմբերի 15-ին Վենայում: