ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կրկին կոչ է արել Ռուսաստանին վերանայել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու որոշումը, ասվում է դաշինքի ղեկավարի հայտարարության մեջ: «ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է: Ինչպես ասվել է Չիկագոյի գագաթաժողովում 2012 թ. մայիսին, ՆԱՏՕ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասվում է Ռասմուսենի հայտարարության մեջ:
Ռասմուսենը նշել է, որ ՌԴ շարունակվող ակտիվությունը սահմանազատման առումով մտահոգություն է առաջացնում: Ըստ նրա, այդ գործընթացը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հակասում է Մոսկվայի ստանձնած պարտավորություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն բազմիցս է արտահայտվել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ Վրաստանի սահմանների հարցով: Ավելի վաղ նրա ուշադրությունն էր գրավել Վրաստանի ԱԳՆ դիմումը՝ վրաց-հարավօսական սահմանին փշալարի հայտնվելու առնչությամբ, որն, ինչպես պնդում են Թբիլիսիում, տեղադրել են ՌԴ սահմանապահները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը 2008 թ. օգոստոսի վերջում, Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: 2008 թվականի հոկտեմբերի 1-ից շուրջ 200 քաղաքացիական դիտորդներ վերահսկում են կողմերի ստորագրած համաձայնությունների կատարումը: