3 հոկտեմբերի 2013 - 17:37 AMT
Եվրապարտատոմսերից ստացած 450 մլն դոլարով Հայաստանը վաղաժամ կմարի ռուսական կայունացման վարկը

Հայաստանը մտադիր է մարել Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարի կայունացման պետական վարկը: Գործադիրն այսօրվա նիստում որոշում է կայացրել եվրոբոնդերի իրացումից ստացած միջոցներն օգտագործել Ռուսաստանից ստացած կայունացման վարկի մարման ու փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար:

Սեպտեմբերի 19-ին Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկել: Ինչպես հայտնում է Reuters-ը, գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են եվրապարտատոմսերի առաջին թողարկումը, հաղորում է Reuters-ը:

Թողարկման ծավալը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պարզաբանել է, որ 450 մլն դոլարը կուղղվի ռուսական 500 ԱՄՆ դոլար կազմող կայունացման վարկի մարմանը, որի 50 մլն դոլարն արդեն մարված է:

Նախօրեին Reuters-ը, վկայակոչելով շուկայի իր աղբյուրները, հաղորդել էր, որ թողարկված պարտատոմսերի պահանջարկն արդեն հասել է 2 մլրդ դոլարի:

ՀՀ կառավարությունը այս տարի որոշում էր կայացրել $500 մլն-ի դոլարային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ: Անցյալ շաբաթ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այցելել էր ԱՄՆ` պոտենցիալ ներդրողների, մասնավորապես՝ HSBC Bank-ի, J.P.Morgan Securities-ի, Deutsche Bank AG-ի հետ հանդիպման նպատակով: Ռուսաստանի ու Հայաստանի ֆինանսների նախարարները 2009 թ. համաձայնագիր կնքեցին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն դոլար վարկ LIBOR տոկոսադրույքով տրամադրելու մասին՝ գումարած 3 տոկոս ճգնաժամի պայմաններում տնտեսության աջակցության համար: Տոկոսադրույքը տարեկան 4 տոկոս է, քառամյա արտոնյալ ժամկետով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը: Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն ընդունելու դեպքում կստեղծվեն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպաստավոր պայմաններ:

Ինչ վերաբերում է ՓՄՁ-ների զարգացմանը, ապա ըստ նախարարի, Հայաստանի Կենտրոնական բանկին կտրամադրվի 60 մլրդ դրամ՝ 148 մլն դոլար ՓՄՁ-ներին 7 տարի ժամկետով և 7 տոկոս տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար: Նույն նպատակով մոտ 3,9 մլրդ դրամ՝ 9,6 մլն դոլար, կհատկացվի «ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությանը՝ 11-12 տոկոս տոկոսադրույքով:

Բացի այդ, շուրջ 1,9 մլրդ դրամ՝ 4,7 մլն դոլար կտրամադրվի արտահանման ֆինանսական ապահովագրության գործակալությանը որպես ներդրում կանոնադրական կապիտալի մեջ: Մնացած 25 մլրդ դրամը՝ մոտ 61,7 մլն դոլար, կհատկացվի պետպարտքի կառավարման ռազմավարության փոփոխությանը: