30 մարտի 2006 - 18:51 AMT
Հայաստանում անցկացվելիք «Փրկարար -2006» զորավարժությանը մասնակցելու են 12 երկրների շուրջ 250 ներկայացուցիչներ
Այսօր կայացած նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ 7-րդ բանակի հրամանատարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում «Փրկարար -2006» զորավարժության անցկացման վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Զորավարժությունն անց է կացվելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսի 12-28-ը, որին նախատեսվում է 12 երկրների շուրջ 250 ներկայացուցիչների մասնակցություն: Զորավարժությունը կրում է հրամանատարաշտաբային բնույթ եւ ուղղված է բնական եւ տեխնածին աղետների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության փրկարարական ծառայության աշխատանքների կազմակերպմանն ու համադրմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմանը: