30 մարտի 2006 - 19:20 AMT
Միխայիլ Մեյեր. 1915 թվականին ոչնչացվել է հայոց ազգի գենոֆոնդը
1915-1923 թվականների Օսմանյան Թուրքիայի օբյեկտիվ պատմությունը կարելի է գրել: Սակայն էականը սպանված եւ տեղահանված հայերի թվաքանակը չէ, այլ այն, որ ոչնչացվել էր Արեւմտյան Հայաստանի բնակչության կեսը: Ոնչացվել է ազգի գենոֆոնդը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» զարգացման ֆոնդի հարավկովկասյան մասնաճյուղի հետ հանդիպման ժամանակ ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «ցեղասպանություն» տերմինը չկար, սակայն դա ոչինչ չի փոխել: «Թուրքիան պետք է վերանայի իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ: Այդ գործընթացի ձգձգումը բացասական հետեւանքներ կունենա երկրի համար»,- ասել է հայտնի ռուս թուրքագետը` PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով: Նրա խոսքերով, Թուրքիային ավելի շատ վախեցնում է ոչ թե Հայաստանի տարածքային հավակնությունները, որքան բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցումը: «Ոչ մի տնտեսություն չի դիմանա այդպիսի փոխհատուցման»,- նշել է Մեյերը: Ինչ վերաբերում է Գերմանիայի հետ զուգահեռներին, որը փոխհատուցում է վճարել Հոլոքոստի զոհերի իրավահաջորդներին, Միխայիլ Մեյերը նշեց, որ «համակենտրոնացման ճամբարների ոչ բոլոր պատանդներն են դա ստացել»:

Միեւնույն ժամանակ, պրոֆեսորը նշեց, որ Թուրքիայի ուղին դեպի Եվրամիություն այնքան էլ արագ չի ընթանում: «Ես կարծում եմ, եր ԵՄ-ը ամենայն հավանականությամբ Թուրքիայի առջեւ Հայոց ցեղասպանության ճանաչման պայման կդնի: ԵՄ ներկայացուցիչներին պետք է տանել Ցեղասպանության թանգարան, որպեսզի նրանք տեսնեն, ինչ է իրականում կատարվել 1915 թվականին»,- նշեց նա: