30 մարտի 2006 - 20:37 AMT
1921 թվականին Հայաստանը կորցրեց իր հողերը, քանի որ ընկալվում էր որպես Անգլիայի դաշնակից
Մոսկվայի պայմանագրով Հայաստանի հաշվին Ռուսաստանի կողմից Թուրքիան արած մեծ զիջումները կատարվեցին, որովհետեւ բոլշեւիկների կողմից Հայաստանը շատ ավելի էր ընկալվում որպես Անգլիայի դաշնակից, քան Վրաստանն ու Ադրբեջանը: Այդ մասին Երեւանում` «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հարավկովկասյան բաժանմունքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, հայտնի թուրքագետ, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, հենց այս հանգամանքն է դարձել Հայաստանի հանդեպ բոլշեւիկների կտրուկ բացասական վերաբերմունքի պատճառը: «Խորհրդային Ռուսաստանի համար Անգլիան ավելի վատ թշնամի էր, քան Թուրքիան: Միեւնույն ժամանակ, բոլշեւիկները վախենում էին, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ավելի շուտ պայմանագիր կկնքի Ֆրանսիայի, քան Ռուսաստանի հետ: Հենց այդ պատճառով Հայաստանը կորցրեց իր հողերի մեծ մասը»,-նշեց նա: Պրոֆեսոր Մեյերը հիշեցրեց նաեւ, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկին կանգնած էր Դաշնակցություն կուսակցությունը, որը հակված էր համագործակցելու անգլիացիների հետ, որը նույնպես իր դերը կատարեց:

Նշենք, որ ըստ Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկովյան պայմանագրի, Թուրքիային անցան Կարսի, Էրզրումի եւ Արդահանի վիլայեթները: Նախիջեւանը դարձավ վիճարկելի տարածք եւ հանձնվեց Ադրբեջանին առանց երրորդ երկրի, այսինքն Հայաստանին հանձնելու իրավունքի: