Հարգելի պարոն Գևորգյան, խնդրանք՝ հաջորդ անգամ, երբ որոշեք ինչ-որ մեկին «ուռոդ» ու «տականք» անվանել, նախ՝ լավ մտածեք, հաջորդը՝ հստակ նշեք` ում մասինք եք խոսում` լրատվականների (ու կոնկրետ որ), դիզայներների, թե հասարակ քաղաքացիների: Եթե Դուք անում եք Ձեր գործը մեզ քաղաքապետարանին վերաբերող լրատվություն տրամադրելով, մենք էլ անում ենք մերը՝ արձանագրելով այդ ամենը. ուզում է դա լինի 200 մլն դրամը, որը ծախսվել է Էրեբունի-Երևանի վրա, կամ դիզայներների առաջարկած ու ձեր՝ չընդունած, իսկ մեզ ավելի դուր եկած լոգոյի տարբերակների մասին տեղեկությունը/կարծիքը, թե 200 մլն-ի սմետայի մասին մեր հարցումը (որի ժամկետը, ի դեպ, արդեն մի քանի օրից ավելի է՝ անցել է, իսկ մեզ ասացին, որ երկուշաբթի նոր կպատասխանեն, քանի որ «խառը օրեր են»). ինչ ուզում է լինի՝ այդ ամենը մեր գործն է:
Մեր գործը ՉԷ այդ ամենին զուգահեռ քաղաքապետարանին որևէ այլ տարբերակներ առաջարկելը: Լոգոյի տարբերակներ առաջարկեցին դիզայներները, ինչը, միևնույն է, չընդունվեց: Պարզապես, երևի Դուք այդ մասին մոռացել էիք, երբ News.am-ի հետ զրույցում ոչ միայն բոլորին ընդհանրացրիք ու «մի քանի «ուռոդ», որոնք ուղղակի չարացած տականքներ են» անվանեցիք: Չգիտեմ՝ որքանով են Ձեր լիազորությունները (Արթուր Գևորգյանը քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը պետն է,- խմբ.), պաշտոնական դիրքն ու եթե ոչ լրագրողի դիպլոմը, ապա հաստատ լրագրողական անցյալը թույլ տալիս նման արտահայտություններ անել գործընկերների ու, առհասարակ, քաղաքացիների հասցեին: Այս ամենին զուգահեռ միայն մի բան եմ հիշում ու շշմում՝ երբ վերջերս հարցում էի ուղարկել ու քաղաքապետարանի այլ բաժին ու այնտեղ ինձ ասացին «հիմա ինչ՝ բան ու գործս թողնեմ, ու նստեմ ձեզ համար տեղեկություն գրքից արտագրեմ», իսկ ես դա փոխանցեցի Ձեզ, պատասխանեցիք՝ «եթե իմ բաժնի աշխատակիցը լրագրողին նման պատասխան տար, հենց այդ պահին կկանչեի ու կասեի՝ դիմումդ գրի»: Հիմա ի՞նչ…
Չգիտեմ նաև, թե կոնկրետ ում եք նկատի ունեցել, երբ այդ ամենի մասին խոսել եք, բայց PanARMENIAN.Net-ը նույնպես գրել է թե՛ 200 մլն-ի, թե՛ «Էրեբունի-Երևանի» լոգոների մասին:
Այո, ինչպես Դուք եք ասել՝ «սա խոսում է քո երկրի, քո քաղաքի հանդեպ ունեցած վերաբերմունքի, հարգանքի մասին, եթե դու քո քաղաքը այդպես ես հարգում, ուրեմն դու մարդ չես»: Այո, մենք մեր քաղաքը հարգելով ենք միայն փորձում հնարավորինս տեղյակ պահել ԲՈԼՈՐԻՆ, թե ինչի վրա է ծախսվել այդ գումարը:
Ասենք ավելին՝ մենք մեզ «առնվազն» հարգում ենք, ու հենց այդ պատճառով էլ ոչ թե, ինչպես Դուք եք ասել, «փորձում ենք կեղտ փնտրել», այլ անում ենք մեր գործը՝ ապահովում մարդկանց Ձեր իսկ տրամադրած տեղեկատվությամբ:
Չգիտեմ, դիզայներներից ով Ձեր ասածներից որ մասն իրեն կվերագրի, բայց ով էլ դա անի կամ գոնե մտածի, որ Դուք կարող էիք իրեն նկատի ունեցած լինել, կարծում եմ, արդեն իսկ վատ է հենց Ձեզ համար, քանի որ հենց Դուք եք ներկայացնում Երևանի գլխավոր պետկառույցի, ինչու ոչ, դեմքը: