15 հոկտեմբերի 2013 - 11:39 AMT
Հայ ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխելու մասին պաշտոնական տեղեկություն չկա

Համացանցում առավոտյան տարածված տեղեկությունները, թե հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին ուզում են երրորդ երկիր տեղափոխել, Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակում չեն հաստատում՝ նշելով, որ նման տեղեկության չեն տիրապետում: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Լրատվականներից մեկը գրել էր, որ Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը, ասել է, թե Հակոբին տեղափոխում են երրորդ երկիր: PanARMENIAN.Net-ին, սակայն, Արման Ինջիղուլյանն ասաց, որ նման բան չկա, ու դա միայն Հակոբի ցանկությունն է: Հարցին, թե արդյոք այդ ցանկության մասին նա գրել էր իրենց ստացած նամակում, Արմանն ասաց, որ ոչ՝ նամակում այդ մասին գրված չէր, բայց իրենց դա ասել են ԿԽՄԿ-ի աշխատակիցները:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է՝ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: Ըստ Սաիլովի, դիմումը նախարարների կաբինետում էր:

Սեպտեմբերի 19-ին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպմանը փոխնախարարը նշել էր, որ եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Բայց այդ դիմումի մասին լուրերը ԿԽՄԿ գրասենյակը մինչ օրս չի հաստատել: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: