17 հոկտեմբերի 2013 - 13:19 AMT
Գորգագործական Kalpakian ընկերությունը հաջողությամբ է աշխատում Արգենտինայում

Հոկտեմբերի 17-ին Երևանում մեկնարկեց առաջին հայ-արգենտինական գործարար համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ներկայացուցչական պատվիրակություն Արգենտինայի արտաքին առևտրի նախարար Բեատրիզ Պագլիերիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են առողջապահության, դեղագործության, ՏՏ, սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, էլեկտրոնային սարքավորումների, մեքենաշինության, զբոսաշրջության, տեքստիլ արտադրության, կոսմետիկայի ոլորտների շուրջ 25 ներկայացուցիչներ:

Իր արտադրությունը ներկայացնելու և գործընկերային հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանում է գտնվում նաև գորգագործական Kalpakian հայկական գործարանի ներկայացուցիչ Կարլոս Ալվարեսը: Ընկերությունը հիմնադրվել է 1922 թվականին Բուդապեշտում, հետո 1951 թվականին արտադրությունը տեղափոխվել է Բուենոս Այրես: Հաստատությունում 18 հայ է աշխատում, արտադրությունը մեխանիկական է:

Կարլոս Ալվարեսը հուսով է, որ իրեն կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել տեղի արտադրողների հետ, առավել ևս, որ ընկերությունը գործընկերային հարաբերություններ ունի աշխարհի 30 երկրների հետ:

Գործարար համաժողովի ընթացքում պայմաններ կստեղծվեն հայ և արգենտինացի գործարարների հանդիպումների համար՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել համագործակցության ու գործընկերային կապերի հաստատման համար:

Հայ-արգենտինյան գործարար համաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման համար, որոնք դեռևս պատշաճ մակարդակի վրա չեն: Իր ողջույնի խոսքում նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան:

Իր հերթին էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ անկախ տարածությունից Արգենտինան խոշոր ներդրող է: Ըստ նրա, միայն 2013 թվականին Արգենտինան շուրջ 46 մլն դոլար է ներդրել հայկական տնտեսության մեջ, մասնավորապես, ավիացիայի և գյուղատնտեսության բնագավառում: Նա հավելեց, որ այդ գործում մեծ է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերություն, «Տիեռաս Դե Արմենիա» ընկերություն):

Առաջին հայ-արգենտինական գործարար համաժողովը կազմակերպել են Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը: