19 հոկտեմբերի 2013 - 11:24 AMT
Ռումինիան կփոխարինի Ղրղզստանին Աֆղանստանից բեռների տարանցման գործում

ԱՄՆ-ն հաջորդ տարի կավարտի բեռների տարանցումն Աֆղանստանից, լրագրողներին է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ջորջ Լիթլը: Ըստ նրա, այդ թեման քննարկվել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հանդիպմանն իր ռումինացի պաշտոնակցի հետ Վաշինգտոնում:

«Նախարարներն ավարտել են համաձայնագրի նախապատրաստումը, որի համաձայն Ռումինիան սատարում է անձնակազմի ու բեռների տարանցմանը Աֆղանստան և Աֆղանստանից դուրս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշում են Պենտագոնում, պայմանավորվածությունը հատկապես կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն հաջորդ տարի ավարտում է «Մանաս» տարանցիկ կենտրոնի օգտագործումը Ղրղզստանում: Ավելի վաղ շաբաթ օրը ԱՄՆ ՊՆ-ն հայտարարեց իր ուժերը «Մանասից» տեղափոխելու մասին:

«Մանասը» հակաահաբեկչական կոալիցիայի նախկին ավիաբազան է, այժմ՝ ԱՄՆ ՌՕՈւ Տարանցիկ փոխադրումների կենտրոնը: Օբյեկտը գտնվում է «Մանաս» միջազգային օդանավակայանի տարածքում Բիշքեկից 23 կմ հեռավորության վրա: Օդանավակայանը կառուցվել է 1970-ականներին:

Սկզբում ռազմակայանն անվանակոչվեց Նյու Յորքի հրշեջ ծռայության ղեկավարի պատվին, որը զոհվել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության փրկարար աշխատանքների ժամանակ, սակայն, հետո վերանվանվեց «Մանասի» քանի որ ըստ ԱՄՆ օրենսդրության ռազմակայաններն ԱՄՆ տարածքից դուրս չեն կարող կրել ԱՄՆ քաղաքացիների անունները:

Տարանցիկ փոխադրումների կենտրոնի գլխավոր խնդիրն ուղևորների ու բեռների օդային փոխադրումներն են Աֆղանստանից և հակառակ ուղղությամբ: