24 հոկտեմբերի 2013 - 15:27 AMT
Լասլո Կեմենի. ԵԽ բանաձևում չի կարող խոսվել Հայաստանից «վրեժխնդիր լինելու» մասին

Հայաստանը բազմիցս է հրապարակել եվրաինտեգրման հեռանկարի վերաբերյալ իր մտադրություններն և նույնիսկ հռչակել է անդամկցությունը ԵՄ-ին որպես հեռահար նպատակ՝ 2004 թ. ի վեր մասնակցելով «Եվրոպական հարևանության քաղաքականություն» ծրագրին, իսկ «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցել է ստեղծման պահից՝ 2009 թ.: 2005 թ. բնակչության հարցումը ցույց տվեց, որ գրեթե երկու երրորդը կցանկանար իր երկիրը տեսնել ԵՄ-ում: Միևնույն ժամանակ Հայաստանն երկար տարիներ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ՝ հայտարարելով, ինչպես 2006 թ., այնպես էլ 2010-ին, որ այլընտրանք չկա: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասել է քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենին Բուդապեշտից:

«Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը, ապա պետք է հիշել, որ տևական ժամանակ բանակցություններ էին ընթանում և այդ, և այն կազմակերպության հետ: Այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է Հայաստանն ակնկալել Վիլնյուսի գագաթնաժողովից, մշուշոտ է: Արևելյան գործընկերության նախագիծն, ըստ իս, բազում փոփոխություններ է կրել կազմավորման պահից ի վեր: 2008 թ. հռչակված հիմնական նպատակն ինտեգրացիոն կապերի զարգացումն էր Եվրամիության և ԽՍՀՄ նախկին վեց հանրապետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ու Բելառուսի միջև: Հիշեցնեմ, որ 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ սահմանադիր գագաթնաժողովը, որտեղ Արևելյան գործընկերության հարցերի վերաբերյալ համատեղ հռչակագիր ընդունվեց: Նախաձեռնության գլխավոր նպատակ հռչակվեց անհրաժեշտ պայմանների ստեղծումն ԵՄ և շահագրգիռ երկրների միջև քաղաքական ու տնտեսական ինտեգրման արագացման համար՝ մասնակից երկրներում քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումներին նպաստելու միջոցով: Սակայն, այդ շրջանում Ռուսաստանի քաղաքական հանրության միջավայրում գերիշխում էին այդ նախաձեռնության հոռետեսական ու բացասական գնահատականները, Եվրոպայում նոր բաժանարար գծերի առաջացման վտանգի և հետխորհրդային տարածքում ՌԴ աշխարհաքաղաքական ազդեցության հնարավոր թուլացման հետ կապված: Ըստ ռուս փորձագետների, նոր նախաձեռնության առաջնային բաղադրիչը էներգետիկ «բաղադրիչն» էր, մասնավորապես, Ռուսաստանը շրջանցող Եվրոպայի էներգակիրների ուղիների ստեղծման միջոցով: Եվս մեկ ակնհայտ նպատակ էր Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության թուլացումն ու ԵՄ դիրքերի ամրապնդումը: Մի շարք ՌԴ փորձագետներ այժմ էլ են խոսում այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է ապաինտեգրել հետխորհրդային տարածքն Արևելյան գործընկերության ծրագրի միջոցով և դուրս բերել ԱՊՀ երկրները Ռուսաստանի ազդեցությունից»,-ասել է նա:

Ինչպես ցույց են տալիս հակամարտությունները, քաղաքական ու տնտեսական ազդեցությունն այդ երկրների վրա, նախագիծը լիովին չարդարացրեց իրեն: Այժմ վեց երկրներից ոչ մեկը չի կարող կատարել Եվրամիության պահանջները: Ուկրաինան բոլորից մոտ է ԵՄ հետ Ասոցացման գործընկերությանը, սակայն նրա ճանապարհին որպես խոչընդոտ կանգնեց «Տիմոշենկոյի գործը»:

Ըստ հունգարացի պրոֆեսորի, Եվրախորհրդարանի հոկտեմբերի 23-ի բանաձևում խոսք չի կարող լինել Հայաստանից «վրեժխնդիր լինելու» մասին: Թեև, իրոք, փաստաթղթում կան խոսքեր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի խնդիրների մասին, այնուամենայնիվ որպես գլխավոր սկզբունք առաջ է քաշվում «հակամարտությունների խաղաղ կարգավորումը»:

«2013 թ, նոյեմբերին նախատեսվում է անցկացնել Վիլնյուսում Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովը: Այսօրվա դրությամբ մեծ պլանները սպառված են: Ազատ առևտրի գոտու մասին համաձայնությունը հավանաբար չի հաջողվի ստորագրել երկներից ոչ մեկի հետ, իսկ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն որոշ պայմանների կատարման դեպքում, որոնք դեռ մինչև վերջ համաձայնեցված չեն ուկրաինական հանրության հետ»,-ասել է Կեմենին:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որտեղ տեղ է գտել նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթ: Բանաձևի բնորոշումները կրում են միակողմանի, ադրբեջանամետ մոտեցում ղարաբաղյան խնդրի հարցում:

Այդպես, մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ «Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: Բանաձևում ասվում է, որ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Եվրախորհրդարանը հիշեցնում է «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքը օկուպացիայի ենթարկելու մասին» հարցում իր դիրքորոշումը: Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. 4 բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ:

ՄԱԿ 4 բանաձևերը կոչ են անում զորքերը դուրս բերել Քաշաթաղի, Աղդամի (Ակնա) և այլ «գրավյալ» տարածքներից: Աքվիլայի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և հորդորում է «վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղին մերձակա տարածքները, ԼՂՀ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքներով ու ինքնավարությամբ, բացել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միջանցք, ապագայում որոշել ԼՂ կարգավիճակը կամարտահայտման միջոցով, հաշվի առնել տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն ու անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց խաղաղապահ ուժերի միջոցով»: