24 հոկտեմբերի 2013 - 17:10 AMT
ԿԲ-ն տարեվերջին գործազրկության կրճատոմ և աշխատավարձերի աճ է ակնկալում

2013 թ. առաջին կիսամյակում, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, որոշակի նվազել է գործազրկության մակարդակը և կազմել 16.2%: Շարունակում է խնդրահարույց մնալ 1 տարուց ավելի աշխատանք փնտրող 35-45 տարեկան անձանց զբաղվածության հարցը, ինչը հետագայում կարող է սահմանափակել վերջիններիս՝ համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները: Ընդհանուր առմամբ, որոշ մարզերում և զբաղվածությունը, և անվանական աշխատավարձերը շարունակում են մնալ միջինից ցածր մակարդակի վրա, ինչն իր անդրադարձն է ունենում այդ մարզերում բնակչության կենսամակարդակի, հետևաբար նաև ֆինանսական ներգրավվածության մակարդակի վրա:

Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, 2013 թ. անվանական աշխատավարձերը կբարձրանան 3.8%-ով՝ պայմանավորված ինչպես սպասվող գնաճային միջավայրով, այնպես էլ արտադրողականության և 2013 թ. երրորդ եռամսյակում նվազագույն աշխատավարձերի աճով: Տարվա ընթացքում կնվազի նաև գործազրկությունը, որը տարեվերջին կկազմի 15.2%:

Ինչպես ասվում է ԿԲ «Ֆինանսական կայունության մասին հաշվետվության մեջ», դիտարկվող ժամանակահատվածում բնակչության եկամուտների վրա դրական ազդեցություն են ունեցել աշխատանքի շուկայի զարգացումները, որոնք, սակայն, ուղեկցվել են 2013 թ. երկրորդ եռամսյակում ձևավորված բարձր գնաճային միջավայրով և տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ՝ հանգեցնելով իրական աշխատավարձերի նվազմանը: Մասնավորապես, անվանական աշխատավարձերի աճ գրանցվել է ինչպես մասնավոր (5.8%), այնպես էլ պետական (2.1%) հատվածներում և ընդհանուր վերցրած կազմել 3.5%:

Ըստ վիճակագրության, Հայաստանում միջին ամսականաշխատավարձը 2013 թ. սեպտեմբերին կազմել է 150 130 դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,8 տոկոսով: Ընդ որում սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 0,3 տոկոսով: Միաժամանակ 2013 թ հունվար-սեպտեմբերին աշխատավարձը կազմել է 146 367 դրամ, ինչն ավելի է 2012 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 4 տոկոսով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը սեպտեմբերին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով՝ կազմելով 119 403 դրամ, իսկ սեպտեմբերին 2013 թ. օգոստոսի համեմատ աճը կազմել է 2,5 տոկոս՝ 116 536 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. սեպտեմբերին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,7 տոկոս, հասնելով 183 997 դրամի: Ըդն որում սեպտեմբերին 2013 թվականի օգոստոսի համեմատ 1.5 տոկոս անկում է գրանցվել: Միաժամանակ 2013 թ հունվար-սեպտեմբերին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,4 տոկոս՝ 180 233 դրամ:

Կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում: Ըստ ծրագրի 2014 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62,5 հազար, իսկ 2017 թ.՝ 70 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով՝ կազմելով 45 հազար դրամ, ինչը պահանջեց պետբյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ: Աշխատավարձերի հաշվարկի նոր համակարգը կներմուծվի 2014 թ. հունվարի 1-ից, ինչը բյուջեից կպահանջի լրացուցիչ 50 մլրդ դրամ:

Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ու գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 90 հազար դրամ: