5 նոյեմբերի 2013 - 20:45 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Երևանում ներկայացրել են Բաքու այցի արդյունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկոյան ժամանել էին Երևան:

Այսօր նրանց ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին:

ՀՀ նախագահը, համանախագահներն ու Անջեյ Կասպրշիկը հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Արտգործնախարար Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահներն արտգործնախարարին են ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Վարդան Օսկանյանի ու ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ այսօր ստեղծված իրավիճակը: Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման առթիվ, ինչպես նաև հնարավոր միջոցները` բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, տեղեկացնում են Օսկանյանի գրասենյակից: :