Իսրայելի ԱԳՆ-ն Ռուսաստանի խնդրանքով որոշակի շտկումներ է կատարել Ադրբեջանին զենքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրում: Ինչպես հայտնում է շվեյցարական İSN գործակալությունը, խոսքը հարձակողական սպառազինության որոշ տարրերի առաքումը կասեցնելու մասին է: Մինչ օրս Իսրայելի պաշտոնյաները խուսափում էին մեկնաբանել առաքումների դադարեցման մասին լուրերը:
«Այսօր Իսրայելում ոչ ոք չի կարող վստահորեն ասել, որ շվեյցարական գործակալության տարածած տեղեկատվությունը կատարված փաստ կամ քաղաքական միստիֆիկացիա է», գրում է virtualaz.org-ը:
Ըստ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Մարտին Պիոտրովսկու, Ռուսաստանը մտադիր չէ փոխել տարածաշրջանումուժերի հարաբերակցությունը, ուստի նա խնդրել է Իսրայելին շտկումներ կատարել Ադրբեջանի հետ իր ռազմական համաձայնագրում:
Ադրբեջանն իսրայելական զենքի ամենախոշոր գնորդներից է: Միայն անցյալ տարի Բաքուն ու Թել Ավիվը համաձայնագիր են ստորագրել 1,5 մլրդ դոլարի իսրայելյան զենքի ներկրման մասին, հայտնում է haqqin.az-ը:
Հարկ է նշել, որ 2013 թվականի գարնանը սկսվեցին ռուսական ցամաքային ռազմատեխնիկայի առաքումներն Ադրբեջան, ըստ 2011-2012 թթ. պայմանագրերի:
Ըստ «Վեդոմոստի» թերթը, խոսքը 94 հատ Տ- 90-Ս տանկի, մոտ 100 ՀՄՄ-3 հետևակի մարտական մեքենաների, 18 «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային համակարգերի, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգերի, նույնքան «Վենա» տիպի հրետանային համակարգերի և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետների 6 համակարգերի մասին էր: Ընդ որում, այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները, իսկ Տ-90Ս տանկերը` լրիվ կոմպլեկտավորմամբ:
Ադրբեջանը գնել է նաև զրահապատ, վերանորոգող-տարհանող ԲՌԵՄ-1Մ մեքենաներ ու Տ-90-ի հիմքի վրա ԻՌՄ-3Մ ինժեներական մեքենաներ, իսկ «Սմեռչ»-ին կից՝ բոլոր սպասարկող ու կրակի կառավարման սարքավորումներ։ Ընդ որում, Տ-90Ս տանկերը գնվում են ուղեկցող առավել առաջադեմ սերիական համակարգով, որն ընդգրկում է «Շտորա» օպտիկական-էլեկտրոնային ճնշման համակարգ, օդորակիչ և թիրախին նշանառության ավտոմատ համակարգ: Պայմանագրով Ադրբեջանը կարող է հետագայում ձեռք բերել նաև Տ-90Ս-ի նոր խմբաքանակ։
ՌԴ ՊՆ-ում «Վեդոմոստիի» աղբյուրը հաստատել է, որ գործարքը 700 մլն ԱՄՆ դոլարից պակաս չէ, այն կարող է հասնել 1 մլրդ դոլարի։
Սա Ադրբեջանի ու Ռուսաստանի սպառազինության առքուվաճառքի առաջին նշանակալից պայմանագիրը չէ. 2010-2011-ին կնքվել ու մասամբ իրականացվել են Ադրբեջանին 2 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգի, «Տոռ-2ՄԷ» զենիթահրթիռային համալիրի մի քանի մարտկոց, 60 միավոր Մի-17 և 24 նմուշ Մի-35Մ հարվածային ուղղաթիռների տրամադրումը՝ ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար արժողությամբ։
Միաժամանակ Ադրբեջանը գնել է Իսրայելից մոտ 1,6 մլրդ դոլարի ՀՀՊ ռադիոլոկատորներ, անօդաչու սարքեր և ափամերձ հականավային հրթիռներ, գնում է զենքի խոշոր խմբաքանակներ Ուկրաինայից ու Բելառուսից և մտադրություն ունի նմանատիպ գնումներ անել նաև Ռուսաստանից ու Թուրքիայից (տանկեր, հրետանի հարվածային ուղղաթիռներ):
Ինչպես հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը, Ադրբեջան առաքումները թույլ են տալիս Ռուսաստանին երկիրը պահել ազդեցության տակ և միջազգային շուկայում կրճատել Բաքվի գնումները, ասում է Կռիլովը: