13 նոյեմբերի 2013 - 13:13 AMT
ԶԼՄ-ներ. Ալիևի հետ հանդիպմանը Սարգսյանը պնդելու է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում կամ Ցյուրիխում, սեփական աղբյուրներին հղումով գրում է «Հրապարակ» թերթը:

«Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների` այն հանդիպում է հանդիպման համար: Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի` Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը»,- գրում է թերթը՝ եզրափակելով, որ հայկական կողմը հանդիպմանը պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը:

Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ:

Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը հանդիպումներ ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Միջնորդների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը: «Մեր կարծիքով, ժամանակն է բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել, հստակեցնելու համար դիրքորոշումներն ու որոշելու համար ինչպես աշխատել առաջիկայում»,-հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումը: