19 նոյեմբերի 2013 - 13:01 AMT
Լավրովը հուսով է, որ Իրանի հետ բանակցությունները Ժնևում կհաջողվեն

Միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի նոյեմբերի 20-ին Ժնևում կայանալիք բանակցությունները կարող են հաջողությամբ պսակվել, եթե բանակցողներին «չխանգարեն», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

«Հերթական հանդիպումը, որը կմեկնարկի Ժնևում նոյեմբերի 20-ին, կծավալվի կոնկրետ փաստաթղթերի շուրջ, որոնք քննարկվել են նախորդ հանդիպմանը: «3+3» խմբի անդամները որոշ ուղղումներ են կատարել փաստաթղթերում: Սակայն, եթե մենք հայեցակարգային առումով հավատարիմ մնանք ազնիվ գծին, որը նշում է end game, ինչպես ասում են անգլիացիները, այսինքն գործընթացի վերջնական նպատակը, ապա մենք շանս ունենք արդյունքի հասնելու, եթե մեզ արհեստականորեն չխանգարեն»,-ասել է նա:

Լավրովը նշել է, որ պատժամիջոցների ճնշումների միջոցով Իրանի հանդեպ հարցը չի լուծվի: «Ոչ մի տեղ պատժամիջոցներն արդյունք չեն տվել: Այժմ ոմանք սկսում են բանավեճ ծավալել, որ Իրանի մոտեցումներում այդ դրական շարժը, նրա պայմանավորվելու պատրաստակամությունը հնարավոր դարձան միայն այն պատճաով, որ Իրանը հայտնվել է պատժամիջոցների ծանրության տակ: Եկեք դա թողնենք պատմաբաններին: Դիվանագետների համար աններելի է մասնակցել այդ անիմաստ խոսակցություններին, քանի որ մենք հիմա իրական հնարավորություն ունենք գործարք կնքելու, բառիս լավ իմաստով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: