19 նոյեմբերի 2013 - 14:31 AMT
ՌԴ ԱԳ նախարարն Արևելյան գործընկերության երկրների հանդեպ ԵՄ «անթաքույց ճնշման» մասին

Եվրամիությունը ճնշում է գործադրում Արևելյան գործընկերության նախագծի մասնակից երկրների վրա՝ ընտրության առջև կանգնեցնելով նրանց եվրասիական և եվրոպական ինտեգրման միջև: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր բելառուս պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ավարտին, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

«Եթե համեմատելու լինենք մեր ազնիվ ու ընկերական դիրքորոշումը ԵՄ ներկայացուցիչների գործողությունների հետ, ապա, հավանաբար, նրանք հենց «անթաքույց ճնշում» են գործադրում ֆոկուսում ահյտնված պետության վրա և արվում են հայտարարություններ, թե պետք է ընտրել. կամ հետ դեպի մութ անցյալ, կամ մեզ հետ դեպի լուսավոր ապագա»,-ասել է Լավրովը:

Ըստ նրա, «ոչ ոք երբեք Եվրամիությունում չարտասանեց այն արտահայտությունը, որից մենք սկսում ենք մեր դիրքորոշման շարադրումն Արևելյան գործընկերության վերաբերյալ: «Դա կոնկրետ պետության ինքնիշխան իրավունքն է: Ոչ մի եվրոպաշտոնյա նման բան չասաց: Նրանք ասում են՝ դուք պետք է ընտրություն կատարեք, բայց հօգուտ Եվրամիության, թե չէ կորած եք»,-ասել է նա:

Լավրովը հավելել է, որ ԵՄ այդ վարքագիծն անարդյունավետ է:

«Սխալ և անարդյունավետ ենք համարում առաջ տանել այդ նախաձեռնությունը զրոյական գումարով աշխարհաքաղաքական խաղերի հին տրամաբանության ոգով»,-ասել է նա

Մակեյն իր հերթին նշել է, որ Արևելյան գործընկերությունը չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի առաջացմանը Եվրոպայում: «Ցավոք, այժմ հայտարարություններ են հնչում, որ որոշ երկրներ պետք է ընտրություն կատարեն Արևելքի ու Արևմուտքի միջև: Մեզ համար նման մոտեցումն անընդունելի է»,-ասել է նա:

«Մենք պետք է որոնենք այն, ինչ մեզ ոչ թե բաժանում է, այլ միավորում»,-հավելել է Մակեյը՝ նշելով, որ Բելառուսն այդ սկզբունքն է որդեգրել ինչպես եվրասիական ինտեգրման, այնպես էլ Եվրամիության շրջանակներում:

Նոյեմբերի վերջում Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանը պետք է Ասոցացման համաձայնագիր նախաստորագրեր Եվրամիության հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: