22 նոյեմբերի 2013 - 11:16 AMT
Հռոմի պապ. Կաթոլիկ եկեղեցին չի պատկերացնում Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների

«Կաթոլիկ եկեղեցին չի պատկերացնում Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների»,-հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Սիրիայից, Իրաքից և Եգիպտոսից ժամանած պատրիարքների հետ հանդիպմանը: Ըստ նրա, նա խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները ստիպված են հեռանալ տարածաշրջանից չդադարող զինված հակամարտությունների պատճառով, հայտնում է AFP-ն:

«Արաբական գարունն ու հաջորդած իրադարձությունները կտրուկ փոխեցին իրավիճակը տարածաշրջանում, կտրուկ վատթարացան հարաբերությունները քրիստոնյաների ու մահմեդականների միջև: Ըստ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի, անհնար է հաշտվել այն փաստի հետ, որ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, նախկինի պես մարդիկ հետապնդվում են դավանանքի համար, որ միլիոնավոր մարդիկ գոյության միջոցներից զուրկ են, իսկ հարյուր հազարավորները ստիպված են փախստականներ դառնալ պատերազմների հետևանքով:

Մինչդեռ, Կրեմլի մամլո ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հռոմի պապի հետ նոյեմբերի վերջում: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-26-ը Պուտինի Իտալիա կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում:

Քրիստոնյաների քանակն արաբական երկրներում մինչև արաբական գարունը հասնում էր մոտ 15 մլն: Նրանք պատկանում են 28 քրիստոնեական դավանանքների: Արևելյան քրիստոնյա եկեղեցիների հետևորդները հիմնականում բնակվում են Եգիպտոսում, Սիրիայում և Լիբանանում:

Սիրիայում քրիստոնյաները մինչ քաղաքացիական պատերազմը կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011 թվականից ի վեր երկրում սպանվել է մոտ 1000 քրիստոնյա, քանդվել է 40 եկեղեցի ու քրիստոնեական այլ հաստատություններ: Մոտ կես միլիոն քրիստոնյաներ փախել են երկրից: