23 նոյեմբերի 2013 - 11:11 AMT
Լավրովի օրինակով Քերին ևս մեկնեց Ժնև

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Ժնև մասնակցելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» բանակցություններին: Որոշումը կայացվել է ուրբաթ օրը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և տեղում ԱՄՆ պատվիրակության անդամների հետ խորհրդակցելուց հետո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչև վերջերս ԱՄՆ պատվիրակությունը Ժնևում գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գծով տեղակալ Ուենդի Շերմանը: Բացի այդ, պատվիրակության կազմում էին ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի այլ երկրների գծով ավագ տնօրեն Պունիտ Թալվարը, ֆինանսների նախարարության տնտեսական պատժամիջոցների և օտարերկրյա ակտիվների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Ադամ Զուբինը, Պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգողի տեղակալ Ռիչարդ Նեֆյուն: Երեկոյան Ժնև ժամանեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ: ՌԴ նախարարը նաև հանդիպելու է ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմիիի հետ:

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել: Բանակցությունները Ժնևում շարունակվում են արդեն 3 օր: