Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան շարունակում են բանակցությունները սպառազինության ոլորտում շուրջ 12 մլրդ դոլարի համաձայնությունների փաթեթի շուրջ, հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» ուրբաթ օրը «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ պատվիրակության ղեկավար Միխայիլ Զավալին Dubai Airshow ավիացիոն ու տիեզերական միջազգային ցուցահանդեսի ավարտին:
Ցուցահանդեսի շրջանակներում ռուսական պատվիրակությունը ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել մի շարք երկրների, այդ թվում ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Հորդանանի ու Ալժիրի հետ:
«Մենք շարունակում ենք լուրջ աշխատանքը Սաուդյան Արաբիայի հետ, բանակցություններն այդ պատվիրակության հետ շարունակվում են»,-ասել է Զավալին:
Տարածաշրջանում ամենախոշոր ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսներից մեկն անցնում է Դուբայում Էմիրությունների կառավարության և պաշտպանության գերատեսչության աջակցությամբ երկու տարին մեկ անգամ 1989 թվականից ի վեր: Ցուցահանդեսի աշխատանքին մասնակցել են 23 ռուսական ընկերություններ, այդ թվում վեցը ռազմատեխնիկական ոլորտի: