23 նոյեմբերի 2013 - 13:55 AMT
Ուկրաինայի վարչապետ. Չենք գնում Մաքսային միություն

Ուկրաինան չի գնում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն: Այդ մասին նոյեմբերի լույս 23-ի գիշերը հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը «Ինտեր» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նա հայտարարել է, որ ԵՄ հետ համաձայնագրի կնքումը կասեցնելու մասին որոշումը մարտավարական բնույթ է կրում, ոչ թե ռազմավարական: Ըստ նրա, պետք չէ հակադրել եվրոպական ինտեգրումն ՄՄ հետ համագործակցությանը:

«Դա հատուկ է արվում. եթե մենք հետաձգեցինք ստորագրումը, ուրեմն ուզում ենք Մաքսային միությանն անդամակցել: Ո՞վ ասաց»,-հայտարարել է Ազարովը:

Ազարովը նաև արձագանքել է ընդդիմության մեկնաբանությանը, որը խոստացել է խորհրդարանում բարձրացնել կառավարության պաշտոնանկության հարցը: «Եթե ես գոնե մեկ բառ սուտ եմ ասել, թող ինձ վաղը պաշտոնանկ անեն»,-ասել է վարչապետը, գրում է Gazeta.ua-ն:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»:

Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Ստորագրման պայմաններից մեկը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելն է կալանավայրից, Եվրոպայում նրան քաղբանտարկյալ են համարում: