23 նոյեմբերի 2013 - 15:23 AMT
Աբբաս Արակչի. Կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ժնևյան բանակցությունների մասնակիցները կարող են փոխզիջման հասնել և համաձայնագիր կնքել, եթե հաղթահարեն տարաձայնությունները «երկու-երեք մնացած կետերի շուրջ», հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արակչին: Նա հավելել է, որ երկու կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նախորդ փուլն ավարտվել է նոյեմբերի 10-ին: Այն ժամանակ կողմերը լրջորեն խոսում էին համաձայնության հասնելու հնարավորության մասին: Սակայն համաձայնագիր այդպես էլ չկնքվեց: Ըստ որոշ տվյալների, դա տեղի չունեցավ Ֆրանսիայի պատճառով, որը Իսրայելին հետևելով մտավախություն հայտնեց, թե գործարքը վաղաժամ է և ոչ բավականաչափ մշակված:

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը Ժնևում մեկնարկեց նոյեմբերի 20-ին: Այժմ Ժնևում են գտնվում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Չինաստանի ԱԳ նախարարները: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նոյեմբերի 23-ին կարող է համաձայնագիր ստորագրվել:

Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: