Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների և միլիցիայի աշխատակիցների միջև բախումները կառավարության շենքի մոտ դադարել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանները կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար: «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ելույթ է ունեցել կառավարության շենքի մոտ հավաքվածների առջև: «Մենք կշարունակենք ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Մենք պահանջում ենք կառավարության հրաժարականն ու եվրաինտեգրման կասեցման մասին որոշման վերանայում»,-ասել է Կլիչկոն: Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքի գրոհի փորձերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Մինչդատական հետաքննությունների միասնական ցանկում ներառվել են բոլոր նյութերը, հայտարարում է Կիևի միլիցիայի ներկայացուցիչը:
Օդեսայում ձերբակալել են «եվրամայդանի» երեք մասնակիցների, գրում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը: Մասնակիցները մտադիր չեն հանձնվել, սոցցանցերում ակտիվորեն տեղեկություններ են տարածվում Դյուկի հուշարձանի մոտ հավաքի մասին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: