28 նոյեմբերի 2013 - 13:54 AMT
ՌԴ միգրացիոն ծառայությունը հավանություն է տալիս օտարերկրացիների կացության ժամկետի սահմանափակմանը

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը դրական է արձագանքել օրինագծին, որով առաջարկվում է սահմանափակել օտարերկրացիների կացությունը Ռուսաստանում 90 օրով կես տարվա ընթացքում: Խոսքը առանց մուտքի արտոնագրերի ռեժիմով երկրների քաղաքացիների մասին է: «Մենք հավանություն ենք տալիս օրինագծին»,-ասել է ԴՄԾ մամլո քարտուղար Զալինա Կոռնիլովան:

«Օրինագիծը չի վերաբերվի նրանց, ով փաստաթղթեր է ստացել ԴՄԾ-ում՝ բնակության ժամանակավոր իրավունք, ապրելու իրավունք, աշխատելու իրավունք»,-ասել է նա: Ըստ նրա, օրինագիծը վերաբերում է նրանց, ով չունի Ռուսաստանում 90 օրից ավելի մնալու թույլտվությունը հաստատող փաստաթղթեր:

«Մենք ուսումնասիրել ենք և պարզել, որ օտարերկրացի յուրաքանչյուր 10-րդ քաղաքացի 1-2 օրով մեկնում է ՌԴ-ից, կրկին վերադառնալու համար»,-ասել է Կոռնիլովան:

«Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչ Ռիզվան Կուրբանովը Պետդումա կներկայացնի օրինագիծ, որով նախատեսվում է սահմանափակել օտարերկրացիների կացությունը Ռուսաստանում առանց վիզայի երկրներից մինչև 90 օր կես տարվա ընթացքում: Անմիջապես 90 օրից հետո հնարավոր չի լինի կրկին վերադառնալ ՌԴ:

Օրինագծին կից բացատրական գրության մեջ ասվում է, որ փաստաթղթով նախատեսվում է սահմանափակել անընդմեջ ժամանակավոր կացությունը Ռուսաստանում օտարերկրացի քաղաքացիների համար, որոնք իրավունք ունեն մուտք գործել ՌԴ առանց մուտքի արտոնագրի, 90 օրով յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Առանց վիզաների մուտքի իրավունք ունեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ: Սահմանը հատելու համար նրանց հարկավոր է ունենալ ընդհանուր քաղաքացիական կամ արտասահմանյան անձնագիր, իսկ որոշ դեպքերում ներկայացնել նաև վաուչեր կամ հետադարձ տոմսը:

Դաշնային միգրացիոն ծառայությունը պատրաստ է ընդառաջ գնալ մոսկովյան պատգամավորներին ու մետրոյում օտարերկրացի միգրանտների ստուգման կետեր բացել:

«Մենք կողմ ենք այդ գաղափարին, սակայն դրա համար անհրաժեշտ է ավելացնել աշխատակիցների քանակը, որոնք իրականացնում են ներգաղթյալների հսկողությունը»,-ասել է Կոռնիլովան: Ըստ նրա, դա Մոսկվայի խորհրդարանականների առաջարկն է:

Կոռնիլովան հայտնել է, որ Մոսկվայում ներգաղթյալների հսկողությունն իրականացնում են ընդամենը 300 աշխատակիցներ, իսկ Ռուսաստանի մասշտաբով՝ ընդամենը 5 հազար մարդ: