28 նոյեմբերի 2013 - 17:18 AMT
Երկու կրակի արանքում. ԵՄ-ն գայթակղում է 500-միլիոնանոց շուկայով, ԵՏՄ-ն՝ գլոբալությամբ

Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նա արդեն արել է առաջին քայլերը, հերթը Ղրղզստանինն է, Տաջիկստանինը, Հնդկաստանինը և այլն, հայտարարել է «Ռուսհամագործակցության» ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ Կազանում բացելով «Եվրասիական տնտեսական ինտեգրում. նվաճումներ և խնդիրներ» հասարակական համաժողովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Եվրասիական տնտեսական միությունը 2015 թվականի հունվարի 1-ին պետք է փոխարինի Մաքսային միությանը, որին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, իսկ Ուկրաինան դիտորդի կարգավիճակ ունի:

«Մենք պետք է անհրաժեշտ պայմանները ստեղծենք, որպեսզի բոլորին հարմար լինի՝ և գործող միությանը, և նոր անդամակցող երկրներին»,-ասել է Կոսաչովը: Նա նշել է, որ միջազգային միավորման ստեղծումը ոչ թե «տարածաշրջանային նախագիծ է, այլ գլոբալ» և այս փուլում Եվրասիական միությունը «գտնվում է իր զարգացման կարևոր փուլում»: «Մենք արդեն ամբողջապես համակարգված ենք տնտեսության մեջ և այսօր քննարկում ենք ոչ միայն ինտեգրման հեռանկարներն, այլ նաև առաջին նվաճումները»,-ասել է «Ռուսհամագործակցության» ղեկավարը:

Կոսաչովը հիշեցրել է, որ Եվրասիական միության թեման «թեժ է, իրական», այն քննարկվում է տարբեր մակարդակներում, պետության նախագահներից սկսած մինչև կառավարական կազմակերպություններ ու արհմիություններ: Եվ համաժողովի կազմակերպիչները նշում են, որ նպատակն այդ բոլոր ճյուղերն ու գաղափարախոսությունները միավորելն է: «Որպեսզի գործարարները խոսեն քաղաքական գործիչների, հասարակական առաջնորդները՝ նախագահների հետ»,-պարզաբանել է «Ռուսհամագործակցության» ղեկավարը:-Երկրների նախագահները դա մի բան է, գաղափարը պետք է ամրապնդվի քաղաքացիական հասարակության տրամադրություններով»:

«Կորոնենք ինտեգրման հեռանկարներ տարբեր ճյուղերում՝ գիտության, մշակույթի, կրթության մեջ, գուցե, հասնենք նաև քաղաքական ինտեգրման»,-ասել է Կոսաչովը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ԲելաՊանը, ելույթ ունենալով նոյեմբերի 28-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գործարար համաժողովում, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը հայտարարել է, որ Արևելյան գործընկերության երկրների առջև կարող է բացվել Եվրամիության 500-միլիոնանոց շուկան, եթե նրանք իրականացնեն տնտեսական ու քաղաքական բարեփոխումները: Ըստ նրա, այդ սերտ տնտեսական ինտեգրումը պետք է զուգահեռ գնա քաղաքական համագործակցությանը: «ԵՄ-ն պարզ առաջարկում է նոր առևտրային հնարավորություններ, եթե անհրաժեշտ տնտեսական, քաղաքական, իրավական բարեփոխումներն իրագործվեն»,-ասել է Մոլտերերը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն առաջարկել է գործընկերներին զարգացնել հարաբերությունները ԵՄ հետ: «Համագործակցության մակարդակը կախված է մեր յուրաքանչյուր գործընկերոջից: Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն»,-ասել է նա:

Համաժողովի մասնակիցների թվում են Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսը, Եվրամիության ընդլայնման գծով և եվրոպական հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Շվեդիայի, ինչպես նաև մի շարք միջազգային, ֆինանսական, ձեռնարկատիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են բիզնեսին ու բարենպաստ գործարար մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում: Միջոցառման օրակարգում երկու ընդլայնված նիստ կա, ինչպես նաև զուգահեռ նիստեր «Նոր հնարավորություններ բիզնեսի համար. «Միավորելով Արևելքն ու Արևմուտքը» և այլ թեմաներով:

Գործարար համաժողովն անցնում է Վիլնյուսում Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի շեմին, որն այսօր երեկոյան կմեկնարկի ոչ պաշտոնական ընթրիքով Վիլնյուսի Մեծ իշխանների պալատում: Հիմնական հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 29-ին:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության «երկար սպասված» գագաթաժողովը: Ծրագրի նպատակն է ԵՄ մերձեցումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ: Հայաստանը ներկայացնում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՄ և Հայաստան

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Գագաթաժողովից առաջ որոշ հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Վիլնյուսում նախատեսվում է 3-էջանոց հայտարարություն ստորագրել, որով կողմերը կփաստեն, որ Եվրոպայի դռները փակ չեն Երևանի համար: