Վիլնյուսում ընթացող Արևելյան գործընկերության գագաթաժողովում, հավանաբար, Եվրամիություն-Հայաստան համատեղ հայտարարություն կընդունվի, որտեղ կարձանագրվեն բոլոր իրականացված բարեփոխումները: Այդ մասին Panorama.am-ին է հայտարարել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այդ քայլը կնշանակի, որ Հայաստանը կշարունակի քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ:
Ըստ նրա՝ ՀՀ ինտեգրացիոն քաղաքականության հարցում և Մոսկվայի, և Բրյուսելի կողմից լիարժեք ըմբռնում կա:
«Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, խոսում է այն մասին, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել քաղաքական երկխոսությունը եվրոպայի հետ, իսկ ՌԴ նախագահի պետական այցը վկայում է այն կարևորագույն փաստի մասին, որ ՀՀ-ը շարունակելու է խորացնել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասաց Է. Շարմազանովը:
Իր հերթին, ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ոչ Եվրոպան կհրաժարվի Հայաստանի հետ համագործակցությունից, ոչ էլ Հայաստանը՝ Եվրոպայի հարցում իր քաղաքականությունից ու փոխգործակցությունից:
«Կանցնի Վիլնյուսը, կանցնեն Օլիմպիական խաղերը, եվրոպական երկրները կշարունակեն գոյատևել, քաղաքականությունն Եվրոպայի հարցում հետագայում ևս կիրականացվի: Այն մակարդակով, որով հնարավոր կլինի վարել այդ քաղաքականությունը, Հայաստանը դա կիրագործի», հայտարարել է Իսկանդարյանը մամլո ասուլիսում:
Ըստ քաղաքագետի, դա ինչ-որ կերպ կարձանագրվի Վիլնյուսի գագաթաժողովում, որը մեկնարկել է այսօր:
Իսկանդարյանը հավելել է նաև, որ վերջին 3,5 տարում մշակված փաստաթուղթը՝ ԵՄ հետ Հայաստանի ասոցացման մասին համաձայնագիրը ապագայում կարող է հիմք հանդիսանալ նոր փոխհարաբերությունների համար:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության «երկար սպասված» գագաթաժողովը: Ծրագրի նպատակն է ԵՄ մերձեցումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ: Հայաստանը ներկայացնում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵՄ և Հայաստան
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:
Գագաթաժողովից առաջ որոշ հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Վիլնյուսում նախատեսվում է 3-էջանոց հայտարարություն ստորագրել, որով կողմերը կփաստեն, որ Եվրոպայի դռները փակ չեն Երևանի համար: