13 ապրիլի 2006 - 21:22 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսին
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը չի մեռել, այն շարունակվում է»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, չի բացառվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը ընթացիկ տարվա մայիսին: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի ժամանակացույցի մասին` Բերնար Ֆասյեն նշել է, որ «համանախագահները կայցելեն տարածաշրջան հստակ պայմանավորվածությունների համաձայն եւ միմյանց հետ բանակցելուց հետո: «Զատիկից հետո (ապրիլի 16) տարածաշրջան կժամանի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Իսկ ես Երեւանից կմեկնեմ Մոսկվա, որտեղ պետք հանդիպեմ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակվի եւ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ»,-նշել է նա:

Դիվանագետը հայտարարել է, որ ՄԽ-ն մտադիր է նոր պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար: «Դեռեւս ոչինչ որոշված չէ, սակայն մենք շատ ենք ցանկանում, որ այդ հանդիպումը կայանա, հավանաբար, հունիս ամսին եւ այնտեղ, որտեղ նախագահները կցանկանան հանդիպել»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը: