Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս Վիեննայում կայացած հանդիպումն ու ԱԳ նախարարների կիևյան բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իրոք ցանկանում են դուրս գալ այս փակուղային իրավիճակից: Այդ մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ինձ հաճելի էր, որ վերջին հանդիպումը Կիևում նախարարների համար նուրբ ու բարդ հարցեր քննարկելու՝ առաջ շարժվելու ուղիներ գտնելու համար շանս դարձավ:
Նրանց գործակցությունն առաջիկա շաբաթներին հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման իրական հնարավորություն է, թեև պետք է խոստովանել, որ առաջընթացն ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքի դրսևորում է պահանջում»,- ասել է համանախագահը:
Ըստ նրա, նախարարները պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիմքով շարունակել համատեղ աշխատանքը: «Միևնույն ժամանակ, բոլոր կողմերը բաց են կայուն կարգավորման ուղիների որոնման քննարկումների համար: Առաջիկայում ևս կսատարենք այդ բանակցություններին»,- ասել է ամերիկացի համանախագահը, հայտնում է APA գործակալությունը:
Նոյեմբերի 19-ին Վիեննայում վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ու առանձնազրույցն էին: Ավելի ուշ նախագահներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը նախագահները քննարկել էին հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: