Գրեթե 5 հազար մարդ է հանրահավաքի մասնակցում Կիևի Անկախության հրապարակում, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
«Ինչպես ասել են Ուկրաինայի ՆԳՆ օպերատիվ շտաբում, հիմնականում մարդկանց մեծ կուտակում է նկատվում Մայդանում, որտեղ հավաքվել է մոտ 5 հազար մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, մարդիկ կան հավաքված նաև Գերագույն ռադայի շենքի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս պահին, իրավիճակը Կիևում և երկրում ընդհանուր առմամբ հանգիստ է, նշել են ՆԳՆ-ում: Գերատեսչությունը հորդորել է «չանտեսել այլ քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը»: «Մայրաքաղաքը պետք է նորմալ գործի»,-ասվում է Ուկրաինայի իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար:
Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը:
Երեկ իրավապահները դուրս էին մղում ցուցարարներին Մայդանից, իսկ կոմունալ ծառայությունների աշխատակիցները ապամոնտաժում էին բարիկադները: