17 ապրիլի 2006 - 19:04 AMT
ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը տեղի կունենա 2006 թվականի հունիսին
ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը տեղի կունենա 2006 թվականի հունիսին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, նիստի շրջանակներում կմշակվեն գործունեության բոլոր անհրաժեշտ մեխանիզմները: Նրա կարծիքով, ամենակարեւորը ենթակոմիտեի կազմի վերանայումն է: «Այս հարցի շուրջ նախնական պայմանավորվածություններ արդեն կան: Ենթադրվում է, որ կոմիտեի կազմում կընդգրկվեն մարդիկ, որոնք ներկայացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Ենթակոմիտեում կլինի երկուական ներկայացուցիչ հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններից (պատվիրակության ղեկավարը եւ մեկ ներկայացուցիչ ընդդիմությունից), զեկուցողները, ինչպես նաեւ կոմիտեի ղեկավարը: Հնարավոր է, որ ԵԽԽՎ կոմիտեն հոկտեմբերին այցելի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան»,-նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: