Առաջիկա ամիսներին Ֆրանսիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի օրենսդիրներին:
Հղում անելով ֆրանսիական Le Monde պարբերականին, «Ազատություն ռադիոկայանը» գրում է, որ օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի չորս ամիս անց` նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցին: Պարբերականը հավելում է, որ նման ժամանակացույցը թույլ կտա Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հաստատել օրինագիծը: Դիվանագիտական նկատառումներով որևէ պաշտոնական հայտարարություն այդ առթիվ չի արվելու մինչև գալիք տարվա հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցը:
2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քվեարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք:
Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական էր ճանաչել:
Արդեն 2013-ի փետրվարին պատգամավորն արդեն երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան էր ներկայացրել Ցեղասխանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Մայիս մասնակցելով Եվրախորհրդարանի «Հայոց ցեղասպանությունը. ազգերի հաշտության կամուրջը» թեմայով գիտաժողովին, Բուայեն նշել էր, որ Ֆրանսիան պարտավոր է բարձրաձայնել Մարդու իրավունքների պաշտպանության ու հիմնական ազատության մասին կոնվենցիայի պահպանմանը: