Ուկրաինայի Անվտանգության ծարառությունն ու ԱԳՆ-ն բավարարել են Ռեգիոնների կուսակցության անդամ, պատգամավոր Օլեգ Ցարյովի հարցումը 36 անձանց համար մուտքն Ուկրաինա արգելելու մասին: Այդ անձանց թվում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ԱՄՆ ու ԵՄ երկրների քաղաքացիներ, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինա»-ն: Համապատասխան հարցումը ներկայացվել էր դեկտեմբերի 8-ին:
«Իմ հարցման մեջ 36 մարդ է ընդգրկված: Ես դեռ պատասխան չեմ ստացել Անվտանգության ծառայությունից, սակայն, ըստ իմ ունեցած տեղեկությունների, նրանք բոլորն անցանկալի անձ են հայտարարվել»,-ասել է պատգամավորը: Միխայիլ Սահակաշվիլիից բացի ցուցակում կան Վրաստանի ևս 29 քաղաքացիներ:
«Սահակաշվիլին այստեղ անելիք չունի, թող Վրաստան գնա ու այնտեղ հանդիպի վրաց ժողովրդի հետ: Նա այստեղ է ժամանել վարդերի հեղափոխության իր թիմի հետ: Նրանք բոլորը հիմնավորվել են Ուկրաինայում և եղել են հեղափոխության մոդերատորներ, որը փորձում էր կազմակերպել ընդդիմությունը»,-ասել է թերթին Ցարյովը:
Հատկանշական է, որ ըստ Financial Times-ի տվյալների, արդեն դեկտեմբերի 21-ին ցուցակի անդամներից մեկը՝ ձեռներեց Գեորգի Կիկվաձեն չի կարողացել հատել Ուկրաինայի սահմանը:
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարեիշվիլին ասել է, որ Ուկրաինա չեն կարողացել մուտք գործել ևս երեք մարդ այդ ցուցակից:
«Ես հաստատում եմ Կիկվաձեի հետ կապված փաստը՝ նա վերադարձել է Վրաստան: Մենք աշխատում ենք ԱԳՆ հետ և փորձում ենք պարզել, թե որքանով է իրական Ցարյովի ցուցակը, որքանով են այդ ցուցակի մարդիկ համապատասխանում ներկայացված չափանիշներին»,-ասել է դեսպանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: