24 դեկտեմբերի 2013 - 14:54 AMT
Բաքվում տագնապ է. Իրանա-ամերիկյան համաձայնությունները շատ կվնասեն Ադրբեջանին

«Վերջերս ձեռք բերված իրանա-ամերիկյան համաձայնությունը, որի համաձայն Իրանն ամերիկյան տնտեսական ներկայության ընդլայնման դիմաց կավելացնի նավթի արտահանումն օրական 0,715 մլն տոննայից մինչև 2 մլն տոննա, վկայում է Բաքվի համար անբարենպաստ միտումների մասին նավթի համաշխարհային շուկայում: Ակնկալվում է նաև, որ կհիմնադրվի Ամերիկա-իրանական առևտրի պալատ, որն ավելի հզոր կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործող պալատներից»,-ասվում է Vesti.az-ի հոդվածում:

Բացի այդ, Financial Times-ը հայտնում է, որ միջուկային ծրագրի շուրջ ժնևյան պայմանավորվածություններից հետո Իրանի նավթային արդյունաբերության նախարարությունը բանակցում է Արևմուտքի առաջատար նավթային ընկերությունների հետ:

Ըստ նախարար Բիժան Նամդար Զենգյանեի, նա հանդիպումներ է ունեցել մի քանի եվրոպական նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ հորդորելով նրանց «հնարավորության դեպքում» ամերիկյան ընկերությունների հետ վերադառնալ Իրան: Ասվում է, որ «Total» և «Shell» ընկերություններն արդեն դիտարկում են իրանական շուկայում աշխատելու հեռանկարները: Արևմտյան նավթային ընկերությունների վերադարձն Իրան կնշանակի ոչ միայն նավթարդյունաբերության շեշտակի աճ, այլ նաև քաղաքական իրավիճակի փոփոխություն տարածաշրջանում:

«Ավելորդ է բացատրել, որ այդ ամենն անհետ չի անցնի Ադրբեջանի համար: Ըստ վերլուծաբանների, արևմտյան նավթային ընկերությունների վերադարձն Իրան, իսկ հետագայում նաև իրանական գազի արտահանումն Եվրոպա կարող է թուլացնել Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքերը»,-ասվում է հոդվածում:

Ադրբեջանի համար ևս մեկ անբարենպաստ գործոն է նավթի համաշխարհային գների նվազումը: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը վերջին կես տարում ամենացածր ցուցանիշն է գրանցել՝ 92 դոլար: Պակաս զգալի նվազում է գրանցվել նաև Լոնդոնի բորսայում՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 10 ցենտով ու կազմել է 110,8 դոլար: Ըստ վերլուծաբանների, իրանական նավթի արտահանման աճը պատճառ կդառնա նավթի գների նվազման համար: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի պետբյուջեում հաջորդ տարվա համար սահմանված է մեկ բարելի դիմաց 100 դոլար գինը, այս միտումը կարող է բարդություններ առաջացնել բյուջեի իրացման հարցում:

Նավթի էժանացման գործընթացը կարող է կասեցնել OPEC երկրների խորհրդակցությունը, որը նախատեսվում է հունվարին: Սակայն նման որոշումը քիչ հավանական է, եթե հաշվի առնենք այդ երկների բարձր կախվածությունը նավթի արտահանումից, որի նվազումը վատ կանդրադառնա նրանց տնտեսության վրա, և Արևմուտքն էլ շահագրգռված է, որ գները ոչ թե աճեն, այլ նվազեն: Նվազեցնելով էներգակիրների գները՝ Արևմուտքը փորձում է կանխել ճգնաժամի նոր փուլը: Նույն համատեքստից են բխում Արևմուտքի և Իրանի հարաբերությունների մեղմացման միտումները:

«Բացի այդ, նավթի գների նվազումը գործուն զենք է Արևմուտքի ձեռքում Ռուսաստանի դեմ, որը խոչընդոտում է ԵՄ ընդլայնմանը: Այդ երկրի տնտեսության կախվածությունը նավթից նույնիսկ ավելին է, քան Ադրբեջանինը՝ բավական է, որ նավթն էժանանա 10-15 դոլարով և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ կլինի: Նման մի բան տեղի ունեցավ 2008 թվականին, անկման հետևանքները մինչ օրս ամբողջապես չեն հաղթահարված:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի համար տնտեսական հեռանկարներն այնքան էլ պայծառ չեն լինի, եթե Իրանն ու ԱՄՆ-ն կարողանան պայմանավորվել: Ուստի կառավարությունը պետք է որքան հնարավոր է շուտ անցնի բազմակողմ տնտեսության: Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել վնասից նավթի համաշխարհային գների անկման պայմաններում»,-պնդում է հոդվածի հեղինակը:

Մեղմացումն Իրանի ու ԱՄՆ հարաբերություններում նկատվեց Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի ընտրվելուց հետո:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներն ազատ արձակվեցին 444 օր անց 1981 թվականին: Պատանդներն ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարման ստանձնման օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի կառավարությունը:

2013 թ. հունիսին ընտրված Հասան Ռոուհանին առավել զուսպ է ԱՄՆ ու Իսրայելի մասին իր հայտարարություններում: 2013 թ. նոյեմբերի 24-ին Իրանն ու «5+1» խումբը Ժնևում համաձայնեցրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջանկյալ համաձայնագիրը, որով նախատեսվում է մեղմել Թեհրանի դեմ պատժամիջոցները ատոմային ծրագրի սահմանափակման դիմաց: Համաշխարհային տերությունները հուսով են, որ գործարքը թույլ կտա զսպել Իրանի առաջխաղացումը դեպի միջուկային զենքի հնարավոր ստեղծումը և ժամանակ շահել լիարժեք պայմանավորվածությունների մշակման համար»: