Թուրքիայի քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը, որի որդին մասնակից է կոռուպցիոն սկանդալին, հրաժարական է ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է Today’s Zaman-ը: Բայրաքթարը գրում է, որ իր հանդեպ ճնշում է գործադրվում: Երեք նախարարների՝ Զաֆեր Չաղլայանի, Մուամմեր Գյուլերի ու Էրդողան Բայրաքթարի որդիները ձերբակալվել են կոռուպցիայի ու պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով:
Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը:
Կառավարության կազմը կարող է փոխվել, ասել է նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնում է TRT Haber-ը: Ըստ նրա, այդ հարցը կլուծվի վարչապետի Պակիստանից վերադառնալուն պես:
Նա նաև նշել է, որ Թուրքիայում քննությունն ու դատարանն ազատ են, որոնք շուտով որոշում կկայացնեն: «Եթե երկրում կա կոռուպցիա, դա հնարավոր չէ թաքցնել»,-ասել է Գյուլը: