19 ապրիլի 2006 - 20:27 AMT
ԵՄ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջը պետք է բավարարվի
«Եվրախորհրդարանը գտնում է, որ ինքը չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ «ճանապարհային քարտեղ», սակայն ԵՄ-ն անպայման պետք է մասնակցի խնդրի լուծմանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Մարի-Անն Իսլեր Բեգինը: Նրա խոսքերով, համաշխարհային հանրությունը ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա: «Այլ ճանապարհ ուղղակի հնարավոր չէ: Հակամարտությունը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության սկզբունքի հիման վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջը պետք է բավարարվի եւ Ադրբեջանը պարտավոր է հարգել ազգերի ինքորոշման իրավունքը»,-նշել է նա: Պատվիրակության ղեկավարը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է որքան հնարավոր է շուտ քաղաքական փոխզիջում գտնի ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ: Ինչ վերաբերում է ԼՂՀ անվտանգության գոտի կազմող յոթ շրջաններին, ապա Մարի-Անն Իսլեր Բեգինն ընդգծել է, որ Եվրախորհրդարանում չեն խոսում «ոչ գրավյալ, ոչ էլ ազատագրված տարածքների մասին»: «Դրանք յոթ շրջաններ են Լեռնային Ղարաբաղի շուրջ, ուր պետք է վերադառնան փախստականները եւ իրենք որոշեն իրենց կարգավիճակը»,-ընդգծել է նա:
Միեւնույն ժամանակ Իսլեր Բեգինը գտնում է, որ հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի նրան, որ ստիպված է լինելու ապրել ադրբեջանցիների հետ համատեղ: Ընդ որում նա բերել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրինակը, որոնք չնայած անցյալի բոլոր տարաձայնություններին, ներկայումս խաղաղ եւ փոխշահավետ գոյակցության օրինակ են ցույց տալիս: