19 ապրիլի 2006 - 21:29 AMT
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում անփոփոխ է մնում
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում անփոփոխ է մնում` պետք է գործի ազատ ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանից դուրս լինի, տրվեն անվտանգության երաշխիքներ, փասխտականների վերադարձ եւ ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ ԵՄ խորհրդարանական պատվիրակությունների 8-րդ նիստի ընթացքում հայկական կողմը արծարծել է նաեւ Նախիջեւանի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցը: «Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը նախկին ԽՍՀՄ կազմում ինքնավարության ամենաբարձր կարգավիճակն ունեն, սակայն հայերն այնտեղից արտաքսվեցին: 1927թ. տվյալներով, ՆԻՀ-ի բնակչության 40 տոկոսը հայեր էին, այսօր այնտեղ մեկ հայ չի մնացել: Դուք տեսաք նաեւ, թե ինչ ճակատագրի արժանացավ հայերի մշակութային ժառանգությունն այդ տարածքում: Ի՞նչ եք կարծում, իմանալով այս ամենը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեւէ կարո՞ղ է համաձայնվել լինել Ադրբեջանի կազմում, թեկուզ եւ ինքնավարության ամենաբարձր կարգավիճակով»,-ասել է նա: