9 հունվարի 2014 - 13:51 AMT
Ադրբեջանական բենզինի միակ ներկրող Վրաստանը հրաժարվում է դրանից հօգուտ ռումինականի

Ադրբեջանն անկախության տարիներից ի վեր առաջին անգամ դադարեցրել է սեփական հումքից արտադրված ավտոմոբիլային բենզինի արտահանումը: Ավտոբենզինն արտահանվում էր միայն Վրաստան, որտեղ, ըստ վիճակագրության, ադրբեջանական «Եվրո-2» ստանդարտի բենզինին փոխարինելու եկավ ռումինական «Եվրո-5» և նույնիսկ «Եվրո-6» բենզինը: Ինչպես գրում է «Թուրան» գործակալությունը, բենզինի գինը վրացական շուկայում նույնն էր տարբեր արտադրողների համար՝ միջինը 1,5 դոլար մեկ լիտրի դիմաց: Ընդ որում, սպառվող բենզինի 70 տոկոսը կազմում էր ԱԻ-92 տեսակի բենզինը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) 2013 թվականին արտահանել է ընդամենը 14 հազար 250 տոննա ավտոմոբիլային բենզին: Համեմատության համար՝ 2012-ին այդ ցուցանիշը կազմել է 60 հազար 142 տոննա, այսինքն 2013 թվականին ադրբեջանական ավտոբենզինի արտահանումը կրճատվել է 76,3 տոկոսով: 2013 թվականի դեկտեմբերին ընկերությունն արտահանել է ընդամենը 52 տոննա ավտոմոբիլային բենզին, ինչը 38 անգամ քիչ է, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում:

2013 թվականին SOCAR-ն արտահանում էր բենզին, որն արտադրվել է ղազախստանյան նավթից: Այդ մասին անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել է ընկերության վերամշակման գծով փոխնախագահ Դավիթ Մամեդովը: Ըստ նրա, Բաքվի ՆԱԳ էին առաքվում ղազախական նավթի փոքր խմբաքանակներ, որից արտադրվել է արտահանվող բենզինը:

Նավթի արդյունահանման ծավալներն Ադրբեջանում կրճատվում են արդեն երրորդ տարին: Այդպես, 2011-ին նավթարդյունաբերության ծավալներն Ադրբեջանում նվազել են 10,8 տոկոսով՝ մինչև 45,4 մլն տոննա, իսկ գազի արդյունահանումը՝ 2 տոկոսով: 2012 թվականին նավթարդյունաբերության ծավալները կրճատվել են արդեն 5,3 տոկոսով՝ մինչև 43 մլն տոննա:

Նավթի արդյունահանման ծավալների կրճատման ֆոնի վրա աճում է էկոնոմիկայի ու բյուջեի կախվածությունը նավթային հատվածից: Ընդհանուր առմամբ, 2013 թվականին պետբյուջեի եկամուտները նավթային հատվածից կկազմեն արդեն ընդհանուր եկամուտների 79 տոկոսը: