10 հունվարի 2014 - 13:08 AMT
Ալիևը կրկին քննադատել է ԵԱՀԿ ՄԽ-ին պասիվության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական քննադատությամբ է հանդես եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հասցեին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ելույթ ունենալով կառավարության նիստում, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը հուսով է, որ դրական փոփոխություններ կլինեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:

Նշելով, որ տարվա ընթացքում բանակցային գործընթացում ոչ մի առաջխաղացում չի եղել, «այնտեղ լճացում է տիրել», Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ խոստովանել է, որ 2013 թվականի վերջում «որոշակի աշխուժացում էր նկատվում»:

«Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է որդեգրել: Հուսով եմ, որ միջնորդներն առավել ակտիվ դեր կստանձնեն բանակցային գործընթացում»,-հավելել է Ալիևը, հայտնում է Haqqin.az.-ը:

2014 թվականի հունվարի երկրորդ կեսին Փարիզում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հայտարարել է Պերուի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Trend գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հաջորդ շաբաթ կհանդիպեն Բեռնում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ, հայտնում է «Թրենդը» դիվանագիտական աղբյուրի վրա հղումով: Ըստ տեղեկատվության, հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»: