10 հունվարի 2014 - 14:35 AMT
Արամ Ա. Սիրիահայ համայնքի վերածնունդը հայերի գերակայությունն է

Սիրիահայ համայնքի վերածնունդը բոլոր հայերի գերակայությունն է: Այդ մասին Քրիստոսի Սբ Ծննդյան առիթով իր ուղերձում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Նա հորդորել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին ու մահմեդականներին հրաժարվել բռնությունից ու հիշեցրել, որ թեև երկու կրոնների գոյակցությունը դյուրին չի եղել, այնուամենայնիվ, գտնվել են շփման ընդհանուր եզրեր:

«Այսօրվա բռնությունը ծայրահեղականների անպատասխանատու գործողությունների արդյունքն է, որոնց դատապարտել են ինչպես մահմեդականներն, այնպես էլ քրիստոնյաները: Կոչ ենք անում քրիստոնյաներին մնալ իրենց հայրենիքում, չարտագաղթել, այլ մնալ ու պաշտպանել սեփական իրավունքները»,- ասել է Նորին սրբությունը: Այնուհետև նա հորդորել է քրիստոնյաներին հավատարիմ մնալ սեփական արմատներին: Որպես քրիստոնյաների ու մահմեդականների գոյակցության իդեալական մոդել Կաթողիկոսը բերել է Լիբանանի օրինակը: Նա կոչ է արել հայ համայնքին միասնական լինել Լիբանանի անկախության ու ամբողջականության պահպանման գործին աջակցելու համար:

«Պետք է աղոթենք Սիրիայում խաղաղության հաստատման ու մեր սիրիահայ եղբայրների համար, օգնենք նրանց, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ բնականոն կյանքին»,- նշել է Արամ Առաջինը:

Սիրիայում արդեն 2 տարուց ավելի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Երկուս ու կես տարում Սիրիայում 66 հայ է զոհվել: Սիրիահայերը բնակվում են հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պատերազմից առաջ հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, հինգ հազարը՝ Լիբանանում: