21 ապրիլի 2006 - 19:54 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Լիոնի հուշարձանը հսկվում է օրուգիշեր
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լիոնի պղծված հուշարձանը նախկին տեսքի է բերվել: Վանդալիզմը վրդովմունք է առաջացրել ոչ միայն հայկական, այլեւ ֆրանսիական պետական շրջաններում, եւ իշխանությունները որոշել են հուշարձանը վերցնել հսկողության տակ: Լիոնի հայերը հուշարձանի պաշտպանության խմբեր են կազմակերպել, որոնք օորուգիշեր հսկողություն են տանում: Լիոնի քաղաքապետարանը հուշարձանի պաշտպանության համար չորս ոստիկան է տրամադրել: Քաղաքային իշխանությունները տեսախցիկներ են տեղադրել, որոնց շնորիվ տարածքը անընդհատ հսկվում է:
Ինչպես արդեն հայտնել էին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին դատապարտել է հուշարձանի պղծումը եւ հայտարարել է, որ հանցագործները պետք է բռնվեն եւ պատժվեն: «Այսպիսի հարձակումները ատելություն եւ մերժողականության քաղաքականության կիրառում են նշանակում»,- ասել է Սարկոզին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պաշտոնական բացումը կայանալու է ապրիլի 24-ին, եւ սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ներկայությունը, հաղորդում է թուրքական «Hurryiet» թերթը: