20 հունվարի 2014 - 12:55 AMT
Ֆլեթչերի դիվանագիտական դպրոցում հատուկ Սահակաշվիլիի համար նոր պաշտոն են ստեղծել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կզբաղեցնի «բարձր կարգի պետական ծառայողի» պաշտոնը, որը հատուկ նրա համար ստեղծվել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ասվում է Սահակաշվիլիի Facebook-յան էջում: «Այդ պաշտոնն առաջին անգամ է ստեղծվել և նախատեսված է նրա համար, որ Թաֆթսի համալսարանի ուսանողները շփվեն միջազգային մասշտաբով հայտնի առաջնորդների հետ»,-հայտարարել է Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսը, նրա խոսքը մեջբերվում է նախկին նախագահի էջում: «Սահակաշվիլին արդեն ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում, իսկ մի քանի օր անց նրան հրավիրել են դասախոսություններ կարդալու Հարվարդի համալսարանում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախագահական ընտրությունները տեղի ունեցան Վրաստանում 2013 թ. հոկտեմբերի 27-ին: Հաղթանակ տարավ Գեորգի Մարգվելաշվիլին, որն ըստ նախնական տվյալների, հավաքեց ընտրողների ձայների 62,11 տոկոսը: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Վրաստանի կառավարությունը գլխավորում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմի ամենաերիտասարդ նախարարը՝ 31-ամյա ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: