Ուկրաինան այս պահին դեռ չի կողմնորոշվել ԵՄ-ին կամ ՄՄ-ին անդամակցելու հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Ուկրաինայի նախարարների կաբինետի կայքին հղումով: «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերից ոչ մեկում չի ասվում Եվրամիությանը, կամ Մաքսային միությանն անդամակցելու մասին, այդ թվում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրում ոչ մի խոսք չկա Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության մասին»,- մեջբերում է վարչապետ Նիկոլայ Ազարովի հայտարարությունը կառավարության մամուլի ծառայությունը: Նա նշել է նաև, որ «միայն անպատասխանատու քաղաքական գործիչները Մայդանից կարող են հավասարության նշան դնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ու ԵՄ-ին անդամակցության միջև»:
Կիևի կենտրոնում չեն դադարում ահագնացող բախումները ծայրահեղական երիտասարդների ու իրավապահների միջև, որոնք շրջափակել են Ուկրաինայի կառավարության ու խորհրդարանի շենքերը: Եվրամայդանի առաջնորդները կոչ են անում ձեռնպահ մնալ բռնությունից:
Գրուշևսկու փողոցում վերջին ժամերին զգալի քանակով ավտոմեքենաներ են հրկիզվել, որոնք օգտագործվել են ներքին զորքերի և «Բերկուտ» ստորաբաժանման մարտիկների տեղափոխման համար: Հրկիզվել են նաև «Դինամո» մարզադաշտի մոտ գտնվող դրամարկղերը: Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել երկու կողմից, հայտնում է ВВС-ին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների ընդդիմության հետ, հայտնել են «եվրամայդանի» առաջնորդները, որոնք հանդիպում էին պահանջում: «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հանդիպում է ունեցել նախագահի հետ կիրակի երեկոյան և Յանուկովիչը խոստացել է երկուշաբթի օրը հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կղբաղվի երկրում ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմամբ: Կլիչկոն նաև նշել է, որ այժմ իրավիճակն երկրում մոտ է քաղաքացիական պատերազմի:
Միլիցիան գազային և լուսաձայնային նռնակներ է կիրառել, իսկ հետո ջրցան մեքենաներ, չնայած, որ օդի ջերմաստիճանը -9 С էր: Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է տասնյակ ակտիվիստների հարձակումների մասին ուժային կառույցների աշխատակիցների վրա: Զանգվածային ակցիաները Կիևում կիրակի վերսկսվեցին նոր թափով, երբ հինգշաբթի Ռադայում մեծամասնություն կազմող Յանուկովիչի դաշնակիցները քվեարկեցին օրենքների փաթեթի օգտին, որոնք միտված են դժվարացնելու փողոցային ցույցերը: Դա միայն նոր խթան հանդիսացավ ցուցարարների համար: Նրանք գտնում են, որ օրենքներն ընդունվել են կանոնակարգի խախտումներով ու հակասում են Ուկրաինայի սահմանադրությանը:
Արևմտյան երկրները նույնպես դատապարտել են նոր փոփոխությունները ուկրաինական օրենսդրության մեջ: Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Բուրլակովը մեղադրել է բախումների համար «սադրիչներին ու ծայրահեղականներին» և հորդորել է ուկրաինացիներին տեղի չտալ նրանց:
Նա հիշեցրել է, որ միլիցիան տեսագրում է ամեն ինչ և այդ տեսագրությունները հիմք կծառայեն արդեն իսկ 294 հոդվածով հարուցված քրեական գործի համար: «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» հոդվածը նախատեսում է 15 տարվա ազատազրկում:
«Եվրամայդանում» ևս շարունակվում է բազմահազարանոց հանրահավաքը, որտեղ կազմակերպիչները հորդորում են չենթարկվել սադրանքների ու ձեռնպահ մնալ բռնությունից: