24 ապրիլի 2006 - 15:08 AMT
Հայաստանը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս ոճրագործության համար Օսմանյան Թուրքիան եւ նրա իրավահաջորդը կրում են լիակատար պատասխանատվություն: Եղեռն վերապրած հայ ժողովրդի ողջ հետագա պատմությունը կրել է կատարված ոճրագործության ծանր հետեւանքները: Ցավն առավել ուժեղ է, քանի որ ստիպված ենք նաեւ պայքարել պատմության այդ սեւ էջի ճանաչման եւ դատապարտման համար: Հայաստանի Հանրապետությունն, իբրեւ հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության ազգային շահերի արտահայտիչ, շարունակելու է այդ պայքարը: Երախտապարտ ենք այն երկրներին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ: Տարեցտարի խորանում է այն գիտակցությունը, որ սա համամարդկային խնդիր է եւ նման հանցագործությունների կանխման` ամենաարդյունավետ ուղին:

Հայության պայքարը չունի վրեժխնդրական ենթատեքստ: Մենք նայում ենք առաջ, քանի որ մեր լավագույն պատասխանը ժխտողականությանը պետք է լինի ամուր պետականությունը, Հայաստանի բարգավաճումն ու առաջընթացը»: